Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նախօրեին հաղորդվել էր, որ նահանգի պաշտոնյաները կապիկի ծաղիկը հանրային առողջության համար «անմիջական սպառնալիք» են հայտարարել՝ դեպքերի աճող թվի հենքին։

«Ես նահանգում արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի կենտրոնացնենք վիրուսի բռնկումը վերահսկելու մեր շարունակական ջանքերը: Այս հրամանը թույլ է տալիս մեզ ավելի արագ արձագանքել, և առողջապահության ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ օգնելու ավելի շատ նյույորքցիների պատվաստմանը», – գրել է նահանգապետը Twitter-ում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում կապիկի ծաղիկ հիվանդության յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորք նահանգին:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին տվյալների համաձայն՝ երկրում հայտնաբերվել է վարակի 5189 դեպք, որից 1345-ը՝ Նյու Յորքում։