Գանձասարի վանական համալիրում մատուցել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հուլիսի 24-ինշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Այս խորախորհուրդ օրը նաև Գանձասարի վանքի ուխտի օրն է համարվում։ Օրվա առթիվ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Գանձասարի վանական համալիրում մատուցել է  տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։

Արցախի տարբեր բնակավայրերից Գանձասարի վանքում համախմբվել և տոնի խորհրդով Սուրբ Պատարագին հաղորդ են դարձել դարձան մի խումբ հավատավոր ուխտավորներ։ Գանձասարի վանահայր Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի, Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի և թեմի հոգևորականաց դասի առաջնորդությամբ, Սուրբ Պատարագին մասնակից էին նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք և զինվորականներ։

«Աստծո ողորմությամբ նորից հնարավորություն է ընձեռվել մեզ ուխտավորաբար համախմբվելու Գանձասարի վանքում՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության գեղեցիկ տոնին։

Պայծառակերպության ընթացքում Հիսուսի ամբողջովին լույսով ողողվելը եւ Նրանից լույսի ճառագումը հավաստումն էր Նրա աստվածային բնության, և կարելի է ասել, որ Աստվածհայտնությունն՝ իր տեսանելի կերպի մեջ, իրականացավ Թաբոր լեռան վրա Պայծառակերպության պահին: Պայծառակերպության կարիք ունի ազգս հայոց, իսկ Աստված Թաբոր լեռան վրա համախմբված առաքյալներին ուղղված խոսքի միջոցով մեզ ցույց է տալիս Ճանապարհը. «Դա՛ է Իմ սիրելի Որդին….Դրա՛ն լսեցեք»։ Այլ ճանապարհ և փրկության բանալի մենք չունենք, ուզենք թե չուզենք, հավատանք թե չհավատանք, վկա է պատմությունը, Վկա է Աստված։ Պայծառակերպված մեր Տիրոջ շնորհն ու խաղաղությունը լինի մեզ՝ բոլորիս հետ այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն»,- իր խոսքում նշել է Սրբազան Հայրը։