ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է, թե ինչու են հավաքագրում կապի կամավորների

Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ: Պարզաբանումը տարածվել է դեսպանատան հայտարարությունից հետո, ըստ որի՝ դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։

ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը ստորև.

«Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորների։
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»։