Կիևը հրավիրել է արևմտյան երկրներին նոր զինատեսակներ փորձարկել Ուկրաինայում

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ իր երկիրը, ըստ էության, փորձադաշտ է և հրավիրել է արևմտյան զենք արտադրողներին փորձարկել իրենց նոր արտադրանքը մարտադաշտում՝ Ռուսաստանի դեմ։

Այս մասին նա հայտարարել է տեսակապի միջոցով կազմակերպված Ատլանտյան խորհրդի քննարկման շրջանակներում։

«Ուկրաինան այժմ, փաստորեն, փորձադաշտ է։ Ներկայում բազմաթիվ զինատեսակներ փորձարկվում են իրական մարտական ​​պայմաններում ռուսական բանակի դեմ, որն ունի սեփական ժամանակակից համակարգերի մեծ քանակություն», – Ռեզնիկովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով, Կիևը ամբողջ տեղեկատվությունն ու փորձը կիսում է իր գործընկերների հետ և շահագրգռված է մարտական ​​​​ժամանակակից համակարգերի փորձարկումով, ուստի զենք արտադրողներին հրավիրում է այստեղ փորձարկել իրենց նոր մոդելները:

«Կարծում եմ Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի մեր գործընկերների կամ մեր թուրք գործընկերների համար սա լավ հնարավորություն է զենքերը փորձարկելու համար: Այսպիսով, տվեք մեզ գործիքները, մենք կավարտենք գործը, և դուք կունենաք նոր տեղեկություն (զենքի աշխատանքի վերաբերյալ)»,- հավելել է նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։