Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ:

ԱԳՆ տեղեկացմամբ, զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավունքի գերակայության ապահովմանը։ Տոմաշ Գրոձկին նշել է, որ լիովին աջակցում են Հայաստանին՝ ժողովրդավարական առաջընթացի ճանապարհին։