Յուրաքանչյուր հայ պետք է ներդրում ունենա Արցախի վերականգնման գործում․ Արտակ Բեգլարյանը՝ Պետրոս Թերզյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին: ԱՀ կառավարության տեղեկացմամբ,

Ողջունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Պ. Թերզյանի ներդրումը Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի հետևողական մասնակցությունը թե՛ բարեգործական և թե՛ տնտեսական ծրագրերում համազգային միասնության ու Արցախը հայկական պահելու առհավատչյան է: Ուստի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի համար: Համոզմունքս է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Արցախի վերականգնման ու զարգացման գործում»:

Պ. Թերզյանը շնորհակալություն է հայտնել Ա. Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, հայտնել իր պատրաստակամությունը աշխատել տարիներ ի վեր ձևավորած համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել գործունեության ոլորտները:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի առկա կարիքներին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող որոշ հարցերի շուրջ: