Կրեմլը ներկայացրել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների թեմաները

Իրանի և Թուրքիայի հետ երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունը, կլինեն այս երկու երկրների նախագահների հետ բանակցությունների հիմքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իհարկե, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին՝ Իրանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերը, ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հեռանկարներն ու բոլոր եղանակները»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, Թուրքիայի և Իրանի գործընկերների հետ Պուտինի հանդիպումը կանցկացվի հաջորդականությամբ, այն շատ կարևոր է և արդիական, սա տարածաշրջանային և միջազգային խնդիրները քննարկելու լավ հնարավորություն է։

«Քանի որ պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Թեհրանում, այնտեղ հանդիպումը պետք է տեղի ունենար հերթով։ Հանդիպումը շատ կարևոր և արդիական է, բացի դրանից, նշված պետությունների ղեկավարների հետ տարածաշրջանային և միջազգային խնդիրները քննարկելու լավ հնարավորություն է։ Հենց այդ պատճառով է դա տեղի ունենում Թեհրանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Պուտինը հենց Թեհրան այց կատարում։

Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան այցի ընթացքում կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև կայցելի Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեիին։