ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կենսալաբորատորիաներում ծնված հրեշները մեկը մյուսի հետևից իմաց են տալիս իրենց գոյության մասին

Հունիսի 21-ին ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ հաստատվել է սիբիրյան խոցով (սիբիրախտով) հիվանդացածությունը Ստավրոպոլի երկրամասի Իզոբիլնենսկի քաղաքային շրջանի Ռոժդեստվենսկայա ավանի բնակչուհու մոտ: Այս մասին հայտնել է երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը և նշել, որ դեպքը լուրջ ուշադրություն պահանջող է:

Ավանի տարածքում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել։ Հիվանդի տանը կատարվել է ախտահանում, կոնտակտային անձանց կանխարգելիչ հակաբիոտիկ պրոֆիլակտիկա, կազմակերպվել է գյուղատնտեսական կենդանիների պատվաստում, ավանի բնակիչների հետ բացատրական աշխատանքներ են տարվել: Մասնագետները ձեռնամուխ են եղել դեպքի հանգամանքները և հիվանդության հնարավոր օջախը պարզելուն: Դրանից հետո Ռոսպոտրեբնադզորի Ստավրոպոլի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի սիբիրախտի հարուցիչի մոնիտորինգի կենտրոնում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, որ սիբիրյան խոցի օջախի տեղայնացման ու լիկվիդացման հակահամաճարակային միջոցառումների համալիրն իրականացվում է ամբողջությամբ ու սահմանված կարգին համապատասխան:

Սիբիրախտը կենդանիների և մարդկանց սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, ամենավտանգավոր վարակիչ հիվանդություններից մեկը։ Մարդկանց մոտ հիվանդությունը դրսևորվում է հիմնականում մաշկի վրա այտուցների և մարմնի ջերմաստիճանի բարձրացման տեսքով: Այն բնորոշվում է նաև սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով, աղիների, թոքերի և նշագեղձերի վնասվածքներով: Զգայունակ կենդանիների օրգանիզմում սիբիրախտի հարուցիչը արտադրում է արտաթույն, որը օժտված է այտուցային և մահացու հատկություններով։ Ախտածին մանրէները` սպորները կամ բացիլները, մարդու օրգանիզմ է ներթափանցում մաշկի վնասված հատվածներով, քիչ հաճախ՝ շնչուղիների և աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթներով։

Եթե վերոնշյալ դեպքը նույնիսկ չկապենք Ռուսաստանի Դաշնությունը շրջապատած, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության` Պենտագոնի կողմից ֆինանսավորվող, ուղղորդվող, ամերիկյան մասնագետների, համակարգողների ներգրավմամբ գործող բազմաթիվ կենսալաբորատորիաներից (հակիրճ` ԱՄՆ-ի կենսալաբորատորիաներից) որևէ մեկի հետ, ապա կասկած չկա, որ Ռուսաստանի հարավում հայտնաբերված Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի նոր շտամը ծնված է հենց ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցներից Գերմանիայի կենսալաբորատորիաներից որևէ մեկում:

Ռուս մասնագետները երկրի հարավում հայտնաբերել են Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի նոր շտամ։ Այս մասին հունիսի 28-ին Սեչենովյան համալսարանի մամուլի ծառայությանը հղում կատարելով, գրել է «ՌԻԱ Նովոստ»-ին։ Համալսարանից հայտնել են, որ գիտնականները հանգամանորեն  կուսումնասիրեն այդ նոր` «Եվրոպա-3» գիծը՝ հասկանալու համար, թե որքանով է այն վտանգավոր։ Վիրուսի տարբեր տարբերակներն առաջացնում են տարբեր աստիճանի ծանրության հիվանդություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի վիրուսը մարդկանց փոխանցվում է հիմնականում տզերից և անասուններից։ Ինչպես պարզաբանել են Սեչենովյան համալսարանի մասնագետները, այն մարդուց մարդուն կարող է փոխանցվել արյան, ինչպես նաև արտաթորանքների, այլ կենսաբանական հեղուկների հետ սերտ շփման միջոցով:

ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ, Ուկրաինայում գործել է 30 կենսալաբորատորիաների ցանց, լաբորատորիաներն աշխատել են Պենտագոնի պատվերով։

Հիշենք, որ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությանն առնչվող փաստաթղթերի վերլուծության արդյունքների վերաբերյալ մարտի 10-ի ճեպազրույցի ժամանակ խոսել էր մի շարք ամերիկյան նախագծերի մասին, որոնք իրականացվել են Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում:

«Վերլուծված նյութերը UP-8 նախագծի վերաբերյալ, որն ուղղված է Ուկրաինայում Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի վիրուսի և հանտավիրուսների ուսումնասիրմանը, հստակորեն հերքում են ԱՄՆ հրապարակային պնդումը, որ Ուկրաինայում Պենտագոնի կենսալաբորատորիաներում բացառապես ուկրաինացի գիտնականներն են աշխատում, առանց ամերիկացի կենսաբանների միջամտության,- ասել էր Կիրիլովը:- Փաստաթղթերից մեկը հաստատում է, որ բարձր ռիսկայնության բոլոր լուրջ հետազոտություններն անցկացվում են ԱՄՆ-ից մասնագետների անմիջական ղեկավարության ներքո»:

ՌԴ ԶՈւ ՌՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը, ինչպես մարտի 17-ին գրել է Газета.Ру-ն, հայտնել է. որ վերոնշյալ կենսալաբորատորիաներում ռազմական կենսաբանները, ի թիվս մի շարք վարակիչ ու մահացու հիվանդությունների ախտածինների, ուսումնասիրել են Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի և լեպտոսպիրոզի հարուցիչները, ինչպես նաև հանտավիրուսները, քանի որ դրանց պաթոգենները բնական օջախներ ունեն ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում, և «դրանց օգտագործումը կարող է քողարկվել որպես հիվանդությունների բնական բռնկումներ»:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը դեռ մարտի 31-ի ճեպազրույցի ժամանակ տեղեկացնելով, որ Ուկրաինայում DTRA (Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության) գրասենյակի ղեկավար Ջոաննա Ուինտրոլը ղեկավարել է նշված երկրում ռազմակենսաբանական նախագծերի համակարգումը և կատարողների ընտրությունը, ասել էր.

«Նրա անմիջական հսկողության ներքո իրականացվել են մահացու վտանգավոր ախտածինների, այդ թվում՝ սիբիրյան խոցի, Կոնգո- ղրիմյան տենդի, լեպտոսպիրոսի ուսումնասիրման ամերիկյան UP-4, UP-6, UP-8 նախագծերը»:

Գերմանիան նույնպես Ուկրաինայում իրականացրել է իր սեփական ռազմակենսաբանական ծրագիրը: Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, դեռ մարտի վերջին ասել էր ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։

«Տեղին է նշել, որ փաստաթղթերը հաստատում են Գերմանիայի` Ուկրաինայում սեփական ռազմակենսաբանական ծրագիրն իրականացնելու փաստը»,- ասել էր Գատիլովը Զինաթափման կոնֆերանսի լիագումար նիստում։

Գատիլովի խոսքով, այս ծրագրի նպատակն էր ուսումնասիրել Արևելյան Եվրոպայի պայմաններում մահացու վտանգավոր հիվանդությունների ներուժը, ինչպիսին է Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդը։

«Գերմանիայի գործողությունները, որոնք նախկինում անհայտ էին լայն հասարակությանը, ներկայացնում են նույն սպառնալիքը, ինչ ԱՄՆ կենսաբանական փորձերը և պահանջում են մանրամասն ուսումնասիրություն»,- ասել էր դիվանագետը։

Գատիլովը նշել էր նաև, որ նախագիծը ֆինանսավորվել է Գերմանիայի արտգործնախարարության և Բունդեսվերի կողմից։

«Մեկ այլ օրինակ է Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի և հանտավիրուսների հարուցիչների ուսումնասիրման Գերմանիայի կողմից ֆինանսավորվող թիվ 68727 EN նախագիծը,- ավելի վաղ, դեռ մարտի 10-ի ճեպազրույցի ժամանակ ասել էր ՌԴ ԶՈւ ՌՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարը:- Դրա շրջանակներում Ուկրաինայի տարբեր շրջաններից բացառապես սլավոնական էթնիկ խմբին պատկանող քաղաքացիների արյան շիճուկի հազար նմուշ է փոխանցվել արևադարձային բժշկության Բերնհարդ Նոխտի անվան ինստիտուտ (Համբուրգ): Հավանականության բարձր աստիճանով կարելի է ասել, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաջադրանքներից մեկը հանդիսացել է բիոագենտների ստեղծումը` ունակ ընտրողաբար խոցելու բնակչության տարբեր էթնիկ խմբերի»։

Իգոր Կիրիլովն ավելի վաղ հայտնել էր, որ «2020-2021 թվականներին Գերմանիայի ՊՆ-ն Ուկրաինայի տարածքում Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի, լեպտոսպիրոզի, մենինգիտի, հանտավիրուսների հարուցիչների վերաբերյալ հետազոտություն է անցկացրել որպես Եվրամիության արտաքին սահմաններում կենսաբանական անվտանգությունն ապահովելու ուկրաինա-գերմանական նախաձեռնության իրականացման մաս»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան