Նախատեսվում է Ազգային գվարդիա ստեղծել․ փոխոստիկանապետ

Հայաստանում Ոստիկանության զորքերի և Պետական անվտանգության ծառայության բազայի վրա նախատեսվում է ձևավորել Ազգային գվարդիա։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 12-ին ՆԳՆ կազմավորման քննարկման ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ գվարդիան ներքին զորքերի կարգավիճակ չի ունենա։ Նրա գործունեությունը չի կարգավորվի Զինված ուժերի գործունեությանն առնչվող օրենսդրությամբ։ «Երկրի որոշ մարզերում ևս ենթադրվում է Ազգային գվարդիայի ստորաբաժանումների ստեղծում։ Դրանք պատասխանատու կլինեն հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման համար։ Խոսքը, մասնավորապես, պետական տարբեր մարմինների, կազմակերպությունների, կարևորագույն օբյեկտների, բարձրաստիճան պաշտոնյաների, արտասահմանյան պատվիրակությունների անվտանգության ապահովման մասին է։ Գվարդիականները կուղեկցեն բանտարկյալներին, կմասնակցեն իրավական ռեժիմի ապահովմանը ռազմական և արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև հակաահաբեկչական գործողություններին»,- պարզաբանեց Ֆիդանյանը։

Միաժամանակ ծառայության առավել գրավչության համար նախատեսվում է բարձրացնել ուժայինների աշխատավարձերը։