Աշխարհն այսօր նման է վառոդի տակառի, որի տակ Սատանայի ճտերը տարբեր կողմերից կրակ են վառում. 2

Սկիզբը` այստեղ 

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ, դեռ հունիսի 2-ին պատասխանելով ԶԼՄ-ի հարցին, թե ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ, ասել էր .

«Տագնապով ընդունեցինք այդպիսի ուժային գործողության մասին հաղորդումը: Նման քայլը, Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարության համաձայնության բացակայության դեպքում, կներկայացնի իրենից Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խախտում և կհրահրի այս երկրում լարվածության լրացուցիչ սրում: Հուսով ենք, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այն էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացման»:

Անդրադառնալով Սիրիա ներխուժման Թուրքիայի պատրվակին, Մ.Զախարովան ասել է․ «… սիրիա- թուրքական սահմանին հուսալի անվտանգություն կարելի է ապահովել միայն նրան հարակից գոտում Սիրիայի Արաբական Հանրապետության ուժային կառույցների զինծառայողների տեղակայմամբ։ Դա կլիներ Սիրիայի տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու մասին Անկարայի կողմից ոչ մեկ անգամ հնչած հայտարարությունների գործնական արտացոլումը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հունիսի 15-ին լրագրողներին ասել է , որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմագործողությունը չի ազդել Սիրիայի նկատմամբ (Ռուսաստանի) ուշադրության վրա: Սրանով ինչ պետք է, հասկացրել է Էրդողանին ու Թուրքիային:

«Եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են տեսնել Սիրիայում իրավիճակի զարգացումն ըստ իրենց շաբլոնի,- ասել է Լավրենտևը։- Ուստի ես ուզում եմ ասել, որ սիրիական հակամարտությունը և կարգավորումը դեռևս մնում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում»:

Ըստ արաբական մամուլի, Թուրքիայի զինուժը (զրահատեխնիկա և ռազմական այլ ուժեր) հուլիսի 3-ին արդեն մտել են Սիրիայի Ռաքքա նահանգի հյուսիս։ Խոսքն առայժմ սահմանափակ ներխուժման մասին է, և ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունների: Այս ամենը կատարվում է Սիրիայի հյուսիում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության համատեքստում:

Ըստ ականատեսների, թուրքական ուժերը Այն Իսա են տեղափոխել մի քանի զրահամեքենաներ, ռազմական մեքենաներ, բեռնատարներ՝ զինամթերքով ու տեխնիկական սարքավորումներով։ Ինչպես հայտնում է սիրիական լրատվամիջոցները, թուրքական ռազմական շարասյունը մտել է Այն Իսա շրջան՝ ռազմավարական M4 մայրուղու մոտ, որը կապում է Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները։

Թուրքիան Այն Իսան ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու դեպքում վերահսկողություն կհաստատի հիշյալ մայրուղու վրա և կկտրի Քոբանիի քրդական շրջանը Եփրատ գետի արևելյան ափին գտնվող Էլ Քամիշլի քաղաքից, որտեղ գտնվում է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDS) շտաբը։

Այն Իսան թուրքական զինուժի ներխուժման նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցինիկաբար հայտարարել է` Սիրիայում ռազմական գործողություն ենք իրականացնելու և որևէ մտահոգություն չունենք: Թուրքիայի նախագահը նկատի ունի Սիրիական բանակի հանդեպ Թուրքական բանակի գերազանցությունը, ինչպես նաև այն, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ զբաղված և ոչ դյուրին վիճակում գտնվող Ռուսաստանը, ըստ իր հաշվարկների, չի կարողանա միջամտել, չի ցանկանա Թուրքիայի հետ պատերազմի մեջ մտնել:

Հայտարարելով, որ իր երկիրը պատրաստվում է նոր ռազմական գործողության անցկացնել Սիրիայի հյուսիսում, Էրդողանն ասել է. «Ամեն ինչ կարող է հանկարծակի լինել, բայց Անկարային դա չի անհանգստացնում», ապա հավելել. «Մենք կարող ենք դա անել  գիշերը և հանկարծակի: Անհանգստանալու և շտապելու կարիք չկա»։

Վերջերս Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սյուզանը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը ձգտում է իր քաղաքական և սոցիալական խնդիրները արտահանել Թուրքիայից դուրս։

«Ներկայումս մենք մի կողմից ռազմական գործողություններ ենք սկսել Հյուսիսային Իրաքում, իսկ մյուս կողմից՝ գործողություններ ենք իրականացնում  սիրիական Աֆրինում,- ասել է Էրդողանը:- Մենք հույս ունենք,  որ այս գործողությունները կկարողանանք իրականացնել ճիշտ ժամանակին»:

Հունիսի 13-ին թուրքական «Հյուրիեթ» թերթը հանդես է եկել Սիրիայում Թուրքիայի նոր ագրեսիայի մեկնարկի հնարավոր ժամկետների մասին հրապարակմամբ։ Ըստ պարբերականի, ռազմագործողության մեկնարկը կապված է Իրաքում ներկայումս Թուրքիայի կողմից իրականացվող «Ճանկ ու կողպեք» գործողության, ինչպես նաև Կուրբան Բայրամի՝ մուսուլմանական զոհաբերության տոնի ավարտի հետ (հուլիսի 9-12):

Կարծում ենք, երկրորդ կարծիք չի կարող լինել, թե ինչպես կվարվի Ռուսաստանը Թուրքիայի և Սիրիայի միջև լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում: Ամբողջ խնդիրն այն է, թե Սիրիայի հյուսիս Թուրքիայի զինուժի հնարավոր կամ սպասվող լայնամասշտաբ ներխուժման դեպքում Սիրիայի բանակն արդյոք կգնա՞ նրա հետ բախման, և եթե այո, այդ բախումը սոսկ սահմանափակ կամ ձևական բնույթ կունենա՞, թե կվերաճի մեծ պատերազմի: Ռուս- թուրքական մեծ ու վերջին պատերազմի ուրվականը վաղուց գոյություն ունի, ստույգ կերպով հայտնի չէ միայն, թե այն որտեղ, երբ և ինչ առիթով կբռնկվի:

 

Արթուր Հովհաննիսյան