Աշխարհն այսօր նման է վառոդի տակառի, որի տակ Սատանայի ճտերը տարբեր կողմերից կրակ են վառում

Աշխարհն այսօր նման է վառոդի տակառի, որի տակ Սատանայի ճտերը (Բայդեն, Զելենսկի, Էրդողան, Ալիև, Բորիս Ջոնսոն (մինչ օրերս հարկադիր հրաժարականը), Նաֆթալի Բենեթ…) տարբեր կողմերից կրակ են վառում, պարզապես տակառի պատերը փայտից չեն, ինչ- որ չափով հրակայուն են, ներսում եղած վառոդը դեռ չի բռնկվում: Բայց դա, արդյոք, երաշխի՞ք է, որ մի օր հանկարծ չի բռնկվի…

Նախկինում հրապարակված մեր բազմաթիվ հոդվածներով արդեն անդրադարձել ենք այն վտանգին, որ ԱՄՆ-ը, նրա գլխավորած հավաքական Արևմուտքն Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով կարող են Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում երկրորդ ճակատը բացել: Այդ քայլին կարող են գնալ, եթե մի օր վերջնականապես գիտակցեն, որ Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ իրենց ծրագրերն ամբողջությամբ ձախողվել են, պատերազմն այնտեղ տանուլ են տալիս:

Ռուսաստանին այստեղ պատերազմի մեջ ներքաշելու համար բավական է միայն, որ Ադրբեջանը սանձազերծի լայնամասշտաբ հայ- ադրբեջանական պատերազմ, որում անխուսափելիորեն կներգրավվեն Ռուսաստանի զինված ուժերը, դրանից անմիջապես հետո` Թուրքիայի:

Սակայն նկատի ունենալով վերջին շրջանում և այժմ ծավալվող իրադարձությունները, չի կարելի բացառել, որ ռուս- թուրքական պատերազմը կարող է ծագել Սիրիայում: Եթե թուրքական ու սիրիական բանակների միջև լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ապա առանց այդ պատերազմում ՌԴ զինված ուժերի անմիջական ներգրավման, Սիրիական բանակի պարտությունը, վաղ թե ուշ, կանխորոշված է, ինչը Մոսկվան չի կարող թույլ տալ` նկատի ունենալով և՛ Սիրիայի հետ իր դաշնակցային հարաբերությունները, և՛ Սիրիայում ու տարածաշրջանում իր ռազմավարական շահերն ու անվտանգային հրամայականները:

Դեռ մայիսի վերջերին Թուրքիան առավել ինտենսիվորեն է հրթիռակոծել Սիրիայի տարածքները, մասնավորապես, Սիրիայի քաղաքացիական թիրախները: Այդ մասին, «Russia Today»-ի փոխանցմամբ, հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը: Թուրքիայի զինված ուժերը տասնյակ հրթիռներ են արձակել Աբու Ռասինի կենտրոնի ուղղությամբ, մեծ վնասներ են պատճառվել քաղաքի տներին։ Հարվածներ են հասցվել նաև այլ բնակավայրերի: Այն ժամանակ Դամասկոսն Անկարային մեղադրել է Սիրիայի տարածքում էթնիկ զտում իրականացնելու մեջ։

Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ Դամասկոսն անընդունելի է համարում Հասաքա քաղաքի մերձակայքում մի քանի օր առաջ Թուրքիայի իրագործած թշնամական գործողությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել, ինչպես նաև նյութական վնաս է հասցվել։ Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի գործողությունները համարել է երկրի ինքնիշխանության խախտում։

«Սիրիայի տարածքում «բուֆերային գոտի» ստեղծելու գործողություններն Էրդողանի կառավարության կողմից իրականացվող խայտառակ ագրեսիայի և էթնիկ զտման քաղաքականության դրսևորումներ են»,- ընդգծել է պաշտոնական Դամասկոսը։

Ուշագրավ է, որ Սիրիայի արտգործնախարարությունը հիշեցնելով Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի կարևորությունը, մեղադրել է նաև ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին, միաժամանակ հայտարարել, որ Դամասկոսը Թուրքիայի ագրեսիան հետ մղելու համար բոլոր լեգիտիմ միջոցները կիրառելու իրավունք ունի և իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել օրենքով և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր միջոցները` վերջ դնելու Թուրքիայի կողմից իրականացվող «օկուպացիային և էթնիկ զտումներին»։

Սիրիացիները և Սիրիայի կառավարությունը Թուրքիայից բազմիցս պահանջել ու շարունակում են պահանջել դուրս բերել իր զինված ուժերը Սիրիայի տարածքից, ինչը, սակայն, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անտեսում է:

Թուրքական բանակն ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով մի քանի տարի առաջ օկուպացրել են Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածները, բազմաթիվ թուրք զինվորականներ դեռևս ներկա են այդ շրջաններում: Թուրքիայի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի տարածքի շուրջ 10 տոկոսը` 4.4 մլն բնակչությամբ, սակայն, դատելով ամենից, Թուրքիան չի ցանկանում բավարարվել դրանով ու հեռուն գնացող նպատակներ ունի:

Հունիսի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրքական բանակի նոր անդրսահմանային օպերացիան կսկսվի Սիրիայի հյուսիսում «ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում»։ «Habertörk» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ սկզբնական փուլում դրա մասշտաբները կսահմանափակվեն Թել Ռըֆաթ և Մանբիջ շրջաններով, ապա ռազմական գործողությունները կծավալվեն նաև Այն-Իսանում և Այն-էլ- Արաբում։

Հունիսի առաջին տասնօրյակի ավարտին թուրքական «Takvim» պարբերականը տեղեկացրել է, որ Սիրիայի Թել Ռըֆաթ ու Մանբիջ շրջանների դեմ համաժամանակյա գործողությունների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Թուրքիայի զինված ուժերը գործողությունը սկսելու համար սպասում են միայն վերադասի հրամանին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում ռազմագործողություններ սկսելու անհրաժեշտությունը պատրվակել է նրանով, թե ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն կատարել Թուրքիային սահմանակից տարածքներում անվտանգ գոտի ստեղծելու իրենց պարտավորությունները։

Հունիսի 8-ին ՏԱՍՍ-ը, հղում կատարելով «Firat» գործակալությանը, տեղեկացրեց, որ թուրքական զորքերը և պրոթուրքական սիրիական զինված ընդդիմության ուժերը Հալեպ նահանգի հյուսիսում հրետակոծել են սիրիական առնվազն 16 գյուղ: Գործակալությունը մեջբերել է Մանբիջի պաշտպանության ռազմական խորհրդի հայտարարությունը, ըստ որի, ականանետերից և ծանր զինատեսակներից Մանբիջի եւ Աշ-Շեհբա շրջանների գյուղերի ուղղությամբ արձակվել է 455 արկ:

Հայտարարությունում նշված է նաև, որ «Եփրատի վահան» թուրքամետ զինված խմբավորման մարտիկները հարձակվել են տեղի զինյալների դիրքերի վրա և 3 անգամ փորձել գրավել Մանբիջից հյուսիս գտնվող Էլ Մոհսենլի գյուղը, սակայն  «Դիմադրության մարտիկները հետ են շպրտել հակառակորդին և կորուստներ պատճառել վարձկանների ստորաբաժանումներին»:

Հունիսի կեսին Մոսկվան Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմագործողությունն անխոհեմ  է համարել և Անկարային համոզչորեն կոչ արել  կարգավորել հարցը խաղաղ ճանապարհով: Այս մասին, Life.ru-ի տեղեկացմամբ, ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

«Մենք համարում ենք, որ դա կլինի անխոհեմ քայլ, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության աճի և զինված դիմակայության նոր շրջափուլի այս երկրում»,- ասել է Լավրենտևը։

Ըստ Life.ru-ի, Մոսկվան հույս ունի, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այն էլ բարդ իրավիճակի վատթարացման։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեղմ կամ դիվանագիտական ձևակերպմամբ՝ թուրքական նոր հատուկ ռազմագործողությունը կարող է խաթարել Սիրիայի Արաբական Հանրապետության անվտանգությունը։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան