Կարևոր քայլ է. ԱԽ քարտուղարը` Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյան–Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր քայլ է համարում։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ։

«Այն, ինչ նշված է մամուլի հաղորդագրության մեջ, դրանք ավելի մանրամասն քննարկվել են, այսինքն` կարգո առևտուրը, որը քննարկվել է Ռուբինյան–Քըլըչ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելը, կարծում եմ` հնարավորություն կլինի հետագայում սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս առումով քննարկել են հարցեր, թե ինչպես կարող ենք ավելի ինտենսիվ առաջ շարժվել»,– նշեց Գրիգորյանը։

Նա հույս հայտնեց, որ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո հնարավորություն կլինի, որպեսզի երկկողմ օրակարգի շրջանակում հանդիպումներ լինեն և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։ ԱԽ քարտուղարը նաև շեշտեց, որ Հայաստանը բոլոր գործընթացների մասին տեղյակ է պահում գործընկերներին, և ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ի սկզբանե ներգրավված է եղել։

«Նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են և իրենց մասնակցությունն են բերում գործի կարգավորմանը»,– ասաց Գրիգորյանը։