Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևանից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ. Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երեւանից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ՝ մեքենայով մեկուկես ժամի ճանապարհ: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Տեսեք, թե ուր ենք մենք հասել եւ շարունակեք մեզ կոչել ծախված: Հուլիսի 18-ին Եվրոմիության եւ Ադրբեջանի միջեւ կնքվելու է էներգետիկ հուշագիր, եւ Նիկոլը չկարողացավ այս առիթը օգտագործել մեր տղաների [գերիների] վերադարձը պարտադրելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների մասով մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը նշանակում է այլ հարթակում սպասվող զիջում»,- նշեց նա։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ պետք չէ զարմանալ, որ Նիկոլ Փաշինյանը գյուղեր է հանձնում, երբ ինքն անգամ այդ գյուղերի անունները չգիտի:

«Նիկոլն իր ասուլիսի ժամանակ իմացավ, որ գոյություն ունի Սուս գյուղ: Ո՞ւմ է պետք քո ապրելն ու իշխանավարելը մեր քաղաքում, երբ քո շարասյան շարժվելիս բոլոր վարորդները ազդանշան են տալիս: Մենք ունենք մեկ նպատակ, որը տեսնելու ենք: Այնպես չանեք, որ Նիկոլը գրիչ գողանալով ու եղջերուներ կերակրելով մեր օրակարգը շեղի: Չի լինելու, որ, ինչպես ինքն է ասում, գիժ ձեւանալով ժամանակ գլորի»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը: