Տեղահանված արցախցիները չեն կարող վերադառնալ Շուշի, քանի որ չունեն փախստականի կարգավիճակ․ ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենց հիմնական պահանջը շարունակում է մնալ փախստականի կարգավիճակ ստանալու հարցը։

«Մեր հիմնական պահանջը շարունակում է մնալ փախստականի կարգավիճակ ստանալու հարցը, որը կապված է չարաբաստիկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի հետ։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Շուշի վերադառնալու իրավունք են ունենալու միայն նրանք, ովքերն մինչև 1988թ․ ապրել են այնտեղ, իրենք են հանդիսանում փախստական։ Եթե գործընթաց սկսվի և ռուսական կողմը ստիպի ադրբեջանցիներին դուրս գալ Շուշիից և քաղաքը մնա խաղաղապահների հսկողության տակ, ստացվում է, որ Բաքվում ապրող շուշեցիները, ովքեր ունեն այդ կարգավիճակը, կկարողանան վերադառնալ, իսկ այն հայերը, ովքեր ապրել են Շուշիում, չեն կարողանա վերադառնալ, որովհետև չունեն փախստականի կարգավիճակ։ Նույնը վերաբերում է նաև մյուս շրջաններին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշեցին, որ հանդիպել են ՄԻՊ-ի հետ, ներկայացրել իրենց պահանջները և քննարկել, թե ինչ միջոցներով հնարավոր կլինի լուծել փախստականի կարգավիճակ ստանալու հարցը։