Freedom House-ը Փաշինյանին կոչ է անում ԶԼՄ-ների հարցերին պատասխանել ասուլիսների միջոցով

Freedom House-ը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին։

«Freedom House-ը նաև կոչ է անում Հայաստանի վարչապետին օգտագործել ուղիղ հաղորդակցման ուղիները, այդ թվում բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով՝ ապահովելու ժողովրդավարության առողջ գործելը»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Ըստ Freedom House-ի, Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ, որպեսզի հակազդեն  ապատեղեկատվությանը, որը սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարության համար երկրի կարևորագույն թեմաների շուրջ:

Կազմակերպությունը նաև ողջունել է «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը։

Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ լրատվամիջոցներ հրաժարվեցին գրավոր հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հիմնավորելով.
«Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։ Արդյունքում, ըստ էության, սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։ Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին»։

ԶԼՄ խմբագիրները կոչ էին արել Փաշինյանին վերադառնալ ասուլիսի դասական ձևին։