Արարատ Միրզոյանի հանդիպումը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար
Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում
ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ
ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ
նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։ 
Մտքեր են փոխանակվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է
զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք՝ տեղական, ազգային,
տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս առումով նախարարը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ
աջակցությունը, հատկապես՝ նորարարությունների, ներդրումների ներգրավման և գյուղական ու
էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին: