ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալի Շամխանիի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական
Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարներն ընդգծել են
երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ
համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման
անհրաժեշտությունը:
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում
առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել
կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների
կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի
քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն
պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:
Ա. Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության
ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներոմ Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է
Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:
Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-
Իրան սահմանին: