Քարահունջը աստղադիտական կառույցների նախավկան է ողջ հին աշխարհում

Քարահունջ Հայագիտական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Աշոտ Փիլիպոսյանի հարցազրույցին․

«Վերջերս լսեցինք տխրահռչակ «հնագետ», Քարահունջ աստղադիտարանի երդվյալ թշնամի Աշոտ Փիլիպոսյանի հարցազրույցը, որտեղ անհույս հնագետը հույս էր հայտնում այս կամ հաջորդ տարի Քարահունջ աստղադիտարանում շարունակել պեղումները գերեզմանադաշտ գտնելու հույսով։

Պետք է հուսաթափենք պ-ն Փիլիպոսյանին և հայտնենք, որ քանի կանք մենք և կա հայ ժողովրդի գիտակից հայրենասեր խավը, որոնց բողոքների ու ելույթների շնորհիվ դադարեցվեցին իր իսկ ձեռքով կատարվող Քարահունջի պեղում-ավերումները, այսուհետ խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ այդ անձնավորությունը կրկին կկարողանա ոտնձգություն կատարել հայոց հնամենի սրբության սրբոց Քարահունջ աստղադիտարանում, ա՛յն էլ՝ դամբարանադաշտ պեղելու անվան տակ, ա՛յն էլ հուշարձանի ավերմունքը շարունակելու նպատակով, ա՛յն էլ դրսից ուղարկված պիղծ կապիտալով։

Նույն հարցազրույցում նա շարունակում է նախկինում որդեգրած հերետիկոսի բարբաջանքները, որ «Քարահունջ» անվանումը սխալմամբ է կիրառվում հնավայրի նկատմամբ, որ ճիշտը թուրքական: Ուշ ըմբռնողի համար ևս մեկ անգամ կրկնենք, որ բացի այլ հիմնավորումներից, ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն մեգալիթյան կառույցի անունը «Քարահունջ աստղադիտարան» է և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ա. Փիլիպոսյանը պետք է, որ դա իմանա:

Հատուկ ուշ հասկացողների համար կրկնենք նաև, որ Պորտասարի համաշխարհային նշանակության հետազոտողները միանշանակ հաստատել են, որ թե՛ Պորտասարը, թե՛ նման բոլոր մեգալիթային կառույցները հիմնականում աստղադիտական գործառույթ հետապնդող կառույցներ են եղել։ Իսկ Քարահունջը այդ կառույցների նախավկան է ողջ հին աշխարհում։

Եթե մեր երկրում դեռ պահպանվել են ուժեր, որոնք կփորձեն նման դավաճանական մկրտումներում պետական հովանավորչություն ապահովել, նրանց դեմ կելնի հայ ժողովուրդը, որը սովորում է տեր կանգնել իր արժեքներին»,- նշված է հայտարարության մեջ։