Քրիստոս, խնդրում եմ քեզ՝ հոգևոր առաքինություն և խաղաղություն հաստատիր. մարաշցի զինվորականի նամակ-պատգամը

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրապարակել է հայ սպայի նոթատետրը, որտեղ սպան մարտից առաջ վկայակոչում է Հիսուս Քրիստոսին և պատգամ տալիս։ Նոթատետրը սպան փոխանցել է զինակից ընկերոջը։

««Յիսուս Քրիստոս»

«Քրիստոս, խնդրում եմ քեզ՝ հոգևոր առաքինություն և խաղաղություն հաստատիր»։ Այս խոհն առ Հիսուս Քրիստոս կարդում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահպանվող հայատառ թուրքերեն շարադրված հուշագրություններից մեկում: Առաջին հայացքից ընթերցողը կկարծի, թե այս նոթատետրը հոգևորականի՝ կրոնական թեմատիկայով ձեռագիր գրառումների տետրակ է, սակայն աստիճանաբար յուրաքանչյուր էջով բացվում է զինվորականի՝ նարեկացիական մոտիվով և «Նարեկ»-ի սկզբունքով գրված աղոթագիրք՝ կից աստվածաշնչյան խոհապատումներով, խրատապատումներով, ինչպես նաև արևմտահայերեն տեղ-տեղ աղոթագիր մեջբերումներով:

Նոթատետրի վերջին էջերին մարաշցի զինվորական տասնապետի հեղինակած նամակն է: Ըստ նամակի՝ մարաշցի «զինվորական(զինվորների) տասնապետ(սպա)» Գարեգին Վանըսքեհյայանը մարտը սկսելու նախորդող օրվա երեկոյան հենց մարտի դաշտում գրել է այն և հանձնել իր զինակից ընկերներից մեկին: Իրադարձությունը թվագրվում է 1913թ հունվարի 25-ով, երբ զինվորականը պատերազմի դաշտում դիմում է իր զինակիցներին՝ վկայակոչելով Հիսուս Քրիստոսին և նշելով, որ սա իր վերջին և կիսատ խոսք-պատգամն է, համաձայն որի՝ ամբողջ հույսը պետք է կապել Աստծո զորության հետ, որ ուժ, խաղաղություն, հոգևոր առաքինություն տրվի իրենց. «Թշնամին մեր դիմացն է. չգիտենք՝ ողջ կմնանք, թե՝ ոչ, բայց Աստված մեզ հետ, ողջ զորությունը Նրանն է… թույլ տվեք Հիսուսի օրհնությամբ իմ սիրտը տալ ձեզ…. Ամեն»: Նամակն ավարտվում է հիշյալ խոսքերով: Մարտը ճակատագրական էր հեղինակի համար. նամակը գրելու հաջորդ օրը Գարեգին Վանըսքեհյայանը սպանվում է մարտի դաշտում:

Նամակում հիշատակված իրադարձությունը Բուլայըրի/Պուլայըրի(Բլայար) ճակատամարտի/մարտի մասին է, իսկ հուշագիրքը զոհված օսմանահպատակ հայ սպայի նոթատետր է. մեկը Գալիպոլուի (Կէլիպօլու//Կէլիփոլի/Կալիփոլի) հայ 3000 զինվորներից, որոնք մասնակցել էին Բուլայըրի ճակատամարտին 1913 հունվարի 26-ին:

Նոթատետրը ՀՑԹԻ-ին է հանձնել Հալեպի մարաշցիների հայրենակցական միությունը»,- հայտնում են թանգարանից։