Թբիլիսիում բերման են ենթարկել «Հպարտության շաբաթվա» դեմ բողոքի ակցիայի 26 մասնակիցների

Վրաստանի իրավապահները ձերբակալել են Թբիլիսիում «Հպարտության շաբաթվա» դեմ կազմակերպված ցույցի 26 մասնակիցների: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։

Թբիլիսիում հունիսի 28-ին մեկնարկել է «Հպարտության շաբաթը», որն անցկացնում է ԼԳԲՏ մարդկանց աջակցող հասարակական կազմակերպությունը։ Շաբաթվա վերջին իրադարձությունը երաժշտական փառատոն է, որը տեղի կունենա հուլիսի 2-ին Մթածմինդայի այգում:

«Ներքին գործերի նախարարությունը Մթածմինդայում Pride-ի հակառակորդների ցույցի ժամանակ բերման է ենթարկել 26 մարդու: Բոլոր անձինք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների համար (խուլիգանություն և ոստիկանությանը դիմադրություն)»,-հայտնում է հեռուստաալիքը։