Սիրիայում ռազմական գործողություն ենք իրականացնելու և որևէ մտահոգություն չունենք. Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է նոր ռազմական գործողության անցկացնել Սիրիայի հյուսիսում, նշելով. «Ամեն ինչ կարող է հանկարծակի լինել, բայց Անկարային դա չի անհանգստացնում»։ Գրում է ParsToday-ը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է. «Մենք կարող ենք դա անել  գիշերը և հանկարծակի: Անհանգստանալու ու շտապելու կարիք չկա»։

Նա նշել է. «Ներկայումս մենք մի ​​կողմից ռազմական գործողություններ ենք սկսել Հյուսիսային Իրաքում, իսկ մյուս կողմից՝ գործողություններ ենք իրականացնում  սիրիական Աֆրինում: Հույս ունենք,  որ այս գործողությունները կկարողանանք իրականացնել ճիշտ ժամանակին»:

Վերջերս Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սյուզանը հայտարարել էր, որ Էրդողանը ձգտում է իր քաղաքական և սոցիալական խնդիրները արտահանել Թուրքիայից դուրս։

Սիրիայի և Իրաքի վերաբերյալ Էրդողանի անզգույշ հայտարարությունները  հնչում են այն ժամանակ, երբ նա իր թեկնածությունն է առաջադրում Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում և այդ ընթացքում մրցակցում է ընդդիմադիր կուսակցությունների և իր կառավարության ներկայացուցիչների հետ։