ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն «Թվիթերում» տեղեկացնում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան»։
«Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»:
Սերգեյ Լավրովի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և այդ գործընթացների հիմքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններն են։
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը վերջերս «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր, որ չնայած Ուկրաինայի շուրջ խոր տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։