Ապագա բժիշկը միջազգային բեսթսելլեր դարձած գիրք է թարգմանել

ԵՊԲՀ ուսանողները, բժշկական կրթությանը զուգահեռ, մշակութային կյանքում ակտիվ գործունեություն ծավալելով՝ ոգևորիչ օրինակ են ինչպես ուսանողների, այնպես էլ հանրության լայն շրջանակների համար: Մասնագիտական գիտելիքներով հարստանալուց բացի, շատ հերացիականներ այլ ոլորտներից ևս գիտակ են: Նրանք տարբեր հարթակներում բարձր են պահում բժշկական մայր բուհի անունը:
Բուհի մամուլի ծառայության տեղեկացմամբ, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արտյոմ Խաչատրյանը նրանց թվում է, որը գիտությամբ հետաքրքրված է մանկուց, մասնակցում է թարգմանչական աշխատանքներին՝ հանրությանը մայրենի լեզվով ծանոթացնելով միջազգային բեսթսելլեր դարձած գրքերին:
«Բժշկության ոլորտում հետաքրքրություններիս մեծացման շարժառիթ հանդիսացավ տան նկուղային հարկում լաբորատորիայի հիմնումը։ Երկար ժամեր այնտեղ գտնվելով տարբեր լաբորատոր փորձեր էի կատարում և նոր գիտելիքներ բացահայտում։ Սկսեցի հետաքրքրվել կենդանի բնության և առավել շատ մարդու կառուցվածքով։ Հասկացա, որ բժշկական համալսարանը հենց այն վայրն է որտեղ ցանկանում եմ շարունակել կրթությունս»,-նշում է ԵՊԲՀ ուսանողը։
Հերացիականի համար բժշկության և ընդհանուր առմամբ գիտության բոլոր ճյուղերն էլ հետաքրքիր են, մասնագիտական ճյուղի ընտրության հարցում դեռևս վերջնական չի կողմնորոշվել, բայց նախապատվությունը տալիս է նյարդավիրաբուժությանը։
«Բժիշկը պետք է լինի կարգապահ, բանիմաց, նպատակասլաց, կարեկցող, մեծահոգի, արհեստավարժ, պատասախանատվության բարձր զգացումով օժտված։ Պետք է գիտակցի, որ մեծ հաշվով իրենից է կախված հիվանդի առողջությունը և ծայրահեղ դեպքում ապրելու և մահվան խնդիրը։ Պետք է ունենալ երազանք, այն վերածել նպատակի և աշխատասիրության միջոցով հասնել դրան»,-ընդգծում է Արտյոմը։
Խոսելով հետարքրքրությունների և նախասիրությունների մասին, նշում է, որ դրանք բազմաբնույթ են. նկարչություն, հնագիտություն, քանդակագործություն… «Սակայն մասնագիտության ճիշտ ընտրությունը կարևոր նախապայման է կյանքում կայանալու համար: Համոզված եմ, որ ընտրությունս միանշանակ ճիշտ է, քանզի բժիշկը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում, որը պահանջում է անշահախնդիր նվիրում և անսահման պատասխանատվություն»։
Արտյոմ Խաչատրյանը ուսումնասիրելով անգլիացի էվոլյուցիոն կենսաբան, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Դոքինզի աշխատանքները և միջազգային բեսթսելլեր դարձած գրքերը, ցանկություն է ունեցել թարգմանել և հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացնել «Աստված իբրև պատրանք» գիրքը։
«Գրքի ընտրությունը պատահական չէր. նպատակն էր հայ հասարակության մեջ քննադատական մտածողություն արթնացնելը և կարևորագույն հարցերից մեկի` կրոնի նկատմամբ պատկերացումների ձևավորման և ավելի խորն ուսունասիրելու ցանկության առաջացումը։ Այլ թարգմանություններ նույնպես կատարել եմ, սակայն Ռիչարդ Դոքինզի գիրքը ներկա պահին ամենամեծածավալն է, որի թարգմանությունը մոտավորապես մեկ տարի տևեց։ Ցանկանում եմ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել իմ ընկերներից և այն մարդկանցից ովքեր նպաստել են այս գրքի թարգմանական աշխատանքին՝ օգնելով որոշակի խիստ մասնագիտական հարցերում և ոչ միայն»,-շեշտում է ապագա բժիշկը։
Հետագայում ևս պլանավորում է շարունակել թարգմանական աշխատանքները, սակայն այժմ փակագծերը չի ցանկանում բացել. «Միայն կցանկանամ նշել, որ անակնկալներ են սպասվում հատկապես ուսանողությանը»։