ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Միացյալ Նահանգները Ուկրաինային 450 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ կտրամադրի, այդ թվում՝ համազարկային կրակի հրթիռային համակարգեր (MLRS), ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ը հայտարարում է 450 մլն դոլարի լրացուցիչ օգնության մասին», – ասել Է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ օգնության նոր փաթեթում կներառվեն 4 համազարկային համակարգեր, մոտորանավակներ և հրետանային զինատեսակներ:

Ընդհանուր առմամբ, ինչպես ասել է Քիրբին, փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 6,1 միլիարդ դոլարի օգնություն, իսկ ներկայիս վարչակազմի աշխատանքի սկսվելուց ի վեր՝ 6,8 միլիարդ դոլարի չափով։