Շոլցը, Մակրոնը և Դրագին Ուկրաինային մերժել են զենքի արագ մատակարարումների հարցում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, որոնք անցած շաբաթ այցելել էին Ուրաինա, Կիևին մերժել են զենք-զինամթերքի օպերատիվ մատակարարումների հարցում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այդ մասին գրել է Դոյլ Մակմանուսը The Los Angeles Times թերթի համար կիրակնօրյա հոդվածում:

Հեղինակի կարծիքով՝ Եվրոպայի կառավարություններում կուտակվում է «հոգնածություն Ուկրաինայից» այն պատճառով, որ պատժամիջոցային ճնշումը, որը նրանք հարկադրված էին գործադրել Ռուսաստանի վրա, խփում է հենց իրենց:

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խնդիրն այն է, որ դրանք կգործեն, եթե վնասեն նաև մեզ»,- մեջբերում է հոդվածագիրն իր նախկին ուսուցիչ Ռոբերտո Պեսչիանիի կարծիքը: Մակմանուսը նշում է, որ չնայած Եվրոպայի երեք խոշոր պետությունների ղեկավաները ժամանել էին Կիև և կրկին աջակցություն հայտնել Ուկրաինային, սակայն Կիևն այդպես էլ չստացավ ռազմական մատակարարումների արագացման երաշխիքներ:

«Այդ երեքը (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկուն չտվեցին ամենաբաղձալին. նոր զենքի արագ առաքումը»,- գրել է նա:

Հեղինակը նաև թերահավատորեն է վերաբերվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությանը, և Մակրոնի, Շոլցի ու Դրագիի կողմից այդ քայլի աջակցությունը համարել է «զուտ խորհրդանշական»:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Շոլցը, Մակրոնը, Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն այցելել են Ուկրաինա, հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկիուն: Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի շուրջ ներկայիս իրադրությունն է: Եվրոպական ԶԼՄ-ները գրել էին կարծիք, թե եվրոպացի ղեկավարները կարողացել են Զելենսկուն համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հիշեցնենք, նաև որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։