Իրանում արշալույսներն ամենևին խաղաղ չեն

Ցույցերն Իրանում, հատկապես, վերջին տարիներին տեղի են ունենում կանոնավոր պարբերականությամբ: Կարող է տպավորություն ստեղծվել, որ մայիսի վերջերից սկիզբ առած բողոքի շարժումը արդեն սովորական դարձած հանրային դժգոհության հերթական ալիքներից մեկն է, բայց այդպես թվում է միայն առաջին հայացքից: Փորձագետի համար աչքի են զարնում մի քանի առանձնահատկություններ, որոնք հստակ դիտարկելի են: Արտաքին քաղաքական համատեքստին և ամերիկյան, բրիտանական ու իսրայելական անթաքույց աջակցությանը, իսկ իրականում ներգրավվածությանը կանդրադառնանք առանձին գրառումով: Հիմա մի քանի հատկանշական արձանագրումներ:

Ինքնաբուխ բողոքի պատճառը մայիսի 23-ին Աբադան քաղաքում կառուցվող «Աբադան Մետրոպոլ» բիզնես-կենտրոնի փլուզումն էր, որի արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ: Ցուցարարները պահանջում էին պատժել մեղավորներին, իսկ այդպիսին դիտարկում կոռումպացված պաշտոնյաներով համալրված կառավարող ներկա ռեժիմը՝ ռահբար Ալի Խամենիի և նախագահ Ռայիսիի գլխավորությամբ: Ըստ որում, արդեն իսկ առաջին օրերին ժամանակ առ ժամանակ հնչում էին մինչև 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը երկրում կառավարող Փեհլևիների դինաստիայի աջակցության և վերադարձի պահանջով կոչեր: Հատկանշական է, որ արևմտյան լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել արտերկրում իրանական դեսպանատների դիմաց ի աջակցություն շահական ընտանիքի և արքայազն Ռեզա Փեհլևիի կազմակերպվող ցույցերը, իսկ արքայազնին աննախադեպ հաճախականությամբ հրավիրել հարցազրույցների:

Ընդամենը օրերի ընթացքում բողոքի ալիքի աշխարագրությունը էականորեն ընդլայնվեց՝ ներառելով բազմաթիվ քաղաքներ և բնակավայրեր: Հունիսի 13-14-ի դրությամբ արդեն հակաիշխանական ելույթները կարելի է ասել դարձել էին համատարած և տեղի էին ունենում երկրի համարյա բոլոր նահանգներում: Այդուհանդերձ, առավել մեծ ակտիվություն է դիտարկվում, հատկապես, էթնիկ նահանգներում, օրինակ, Քրդստանում, Լորեսթանում, Չհարմահալ-Բախթիյարում, Բելուջիստանում, և այլն: Ինչո՞ւ եմ շեշտադրում էթնիկության գործոնը, որովհետև քրդերը, արաբները և այլ էթնիկ խմբեր ոչ միայն ցուցարարների առաջին խմբում են, այլև հնչեցնում են էթնիկ իրավունակության, կառավարող իսլամական ռեժիմի կողմից իրենց նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող բռնաճնշումների մասին:

Ցուցարարներին առաջին իսկ օրերից միացել են մեծ թվով թոշակառուներ, ընդհանրապես, սոցիալական բողոքը հստակ դիտարկելի է և թափ է հավաքում երկրում հիմնական կենսական ապրանքների գների էական թանկացումների և ռիալի կտրուկ արժեզրկման ու ինֆլացիայի պատճառով: Հունիսի 6-ին միանգամից 16 քաղաքներում տեղի էին ունենում թոշակառուների ցույցեր, ովքեր բողոքում էին թանկացումների դեմ, կյանքի վատ պայմաններից և թոշակները ինֆլյացիայի չափով չինդեքսավորելու կառավարության որոշումից, վանկարկում իշխանությունը տապալելու կոչեր: Մեծ թվով խանութներ չեն աշխատում, գործադուլ է, օրինակ, Քազերունի բազարում/շուկայում, Արաքում, Թեհրանի կենտրոնում կարելի է ասել բոլոր խանութներն են փակ: Առևտրականներն իրենց հերթին բողոքում են տնտեսական և հարկային քաղաքականության դեմ: Հատկանշական է, որ առաջին օրերին խանութները փակում էին իշխանությունները ոստիկանական ուժերի միջոցով՝ նպատակ ունենալով թույլ չտալ դժգոհության ալիքի տարածումը: Նույն նպատակով Աբադանում և բազմաթիվ քաղաքներում իշխանություններն անջատել են ինտերնետը:

Ցուցարարների և ուժայինների միջև բախումները հաճախակի են:

Բողոքին միանում են նաև արտադրական ձեռնարկություններ, մեր դիտարկումներով բավականին մեծ թիվ են կազմում այսպես կոչված ադրբեջանական ընկերությունները: Հունիսի 13-ին ցուցարարներին միանալու մասին հայտարարեց, օրինակ, Ադրբեջանի ավոտոմոբիլյաին արդյունաբերական ընկերությունը:

Ցույցերից բավականին առաջ, մայիսի 1-ին իշխանությունները ձերբակալել էին կամ հարցաքննել մի շարք արհմիությունների աշխատողների, որոնք ներկայացնում էին ուսուցիչներին, ավոտոբուսի վարորդներին՝ մեղադրելով մայիսի 7-ին լրտեսական գործունեության կասկածանքով ձերբակալված երկու ֆրանսիացի ուսուցիչների հետ անկարգություններ կազմակերպելու փորձի կամ նպատակների համար: Մայիսի 19-ին իրանական ուսուցիչների արհմիությունների կոորդինացիոն խորհուրդը առաջադրված մեղադրանքները ծիծաղելի ու անհիմն հայտարարելով ոստիականության, ազգային անվտանգության, դատախազության և դատական մարմիններին մեղադրեց տարիներ շարունակ ճնշված և ունեզրկված ժողովրդին հալածելու գործելակերպը շարունակելու և աշխատավորների արդար պահանջները բավարարելու անընդունակության, ցանկության բացակայության մեջ: Հայտարարությանը միացան տասնյակ կազմակերպություններ երկրի ներսում և արտասահմանից:

Կարելի է շատ երկար պատմել, բայց, կարծում եմ, առանց այդ էլ գրառման համար չափազանց երկար է ստացվում: Ներողություն եմ խնդրում, բայց հայկական լրատվականները Իրանին համարյա չեն անդրադառնում և համարյա որևէ տեղեկություններ չեն հաղորդում ներկայում զարգացող իրավիճակի մասին, որ ուղղակիորեն կապված է մեր ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության հետ: Կմանրամասնեմ հաջորդիվ գրառումներով:

Պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար նշեմ, որ բողոքի շարժման առավել ակտիվ դերակատարների ու կազմակերպիչների թվում անզեն աչքով տեսանելի են կրոնական որոշ փոքրամասնություններ, որոնցից կառանձնացնեի, օրինակ, բեհայիներին: Բավականին մեծ կրոնական համայնք է, տարբեր գնահատականներով մինչև 400 հազար մարդ Իրանում դավանում են այս կրոնական ուսումունքը: Բեհայիները, ի դեպ, միակ չեն ամենևին: Թեման չափազանց ընդարձակ է, այս մասին ևս կխոսենք առանձին: Երիտասարդության և, հատկապես, ուսանողության ներգրավվածությունը մեծ է, ինչպես միշտ, ակնհայտ է աճի միտումը:

Եզրափակեմ թերևս արձանագրումով, որ իրանական իշխանությունները ամենևին չեն չափազանցում արտասահմանյան կազմակերպիչների և աջակիցների գոյության մասին իրենց վարկածներում: Մեր փորձագիտական թիմը իրանական ուղղությունը մշտադիտարկում է տևական ժամանակ, արդեն մի քանի տարի, որոնց ընթացքում նախապատրաստությունները տեսանելի էին, իսկ կանխատեսումները առայժմ իրականանում են: 2022 թվականի բողոքական շարժումն, ըստ որում, շատ ավելի լուրջ ու խորքային է նախապատրաստված:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից