Կառավարչական անմեղսունակության հերթական թատերաշրջանի բացումը Սիսիանում նախատեսված է հունիսի 17-ին

Կառավարչական անմեղսունակության հերթական թատերաշրջանի բացումը Սիսիանում նախատեսված է հունիսի 17-ին: Խոստովանեմ, անգլամազությունը՝ անհասկացողությունը, բթամտությունը, մեզ մոտ ուղղակի զարմացնում է:

Եվ այսպես, քննարկենք առաջիկա ավագանու նիստի հրապարակված օրակարգը: Ներառված է 16 հարց, որոնցից 6-ը վերաբերում են Սիսիանի ավագանու 2021 թվականի օգոստոսի 17-ի, դեկտեմբերի 24-ի և 2022 թվականի հունվարի 31-ի նիստերում ընդունված թվով 6 իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն կամ անվավեր ճանաչելուն: Բոլոր այս նիստերին մասնակցել են Սիսիանի ավագանու օրենքով սահմանված անդամների թվի կեսից քիչ թվով ավագանիներ՝ 15-ից 7-ը: Ստիպված եմ համայնքապետարանի և նրանց նկատմամբ մասնագիտական և իրավական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին Սյունիքի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաներին հերթական անգամ հիշեցնել, որ իրավական ակտի ընդունման կարգի խախտումը հիմք է այն ոչ իրավաչափ (անվավեր կամ առոչինչ) ճանաչելու համար։ Սիսիանի ավագանու կողմից նշված նիստերում բոլոր որոշումներն ընդունվել են ավագանու անդամների կեսից ավելիի քվորումը չպահպանելով, հետևաբար, այդպիսի որոշումները, անկախ բովանդակային կտրվածքով դրա զուտ իրավաչափ լինելուց, առոչինչ են: Հայտնի կենդանու կողի համառությամբ անղլամազությունը գործելակերպ դարձրած պաշտոնյաններն, ըստ որում, նույն պայմաններով ընդունված որոշումներից երկուսը, որոնք վերաբերում են զոհված զինծառայողների ծնողներին անշարժ գույք նվիրելուն, առաջարկում են անվավեր ճանաչել, իսկ իրենց գործունեության հիմք հանդիսացող ակնհայտ առոչինչ անհատական և նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարել, այդ թվում՝ 2022 թվականի Սիսիան համայնքի բյուջեն հաստատելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 76-Ն որոշման մեջ:

Ու Սիսիան համայնքը, ցավոք, միակը չէ, որտեղ տեղական ինքնակառավարումն իրականացվում է այսպիսի որակով և կառավարչական բացարձակ անգրագիտությամբ: Ապշեցնում է նաև Սյունիքի մարզպետարանի որպես պետական լիազոր մարմնի անհասկանալի հանդուրժողականությունը, ինչն իր հերթին մատնում է պետական կառավարման այդ օղակի փաստացի անգործունակությունը, որ քաղաքական հովանավորչության տպավորություն է թողնում դժբախտաբար: Թափթփված, փնթի, ագրագետ կառավարումով էլ սեպտեմբերի 25-ին խոշորացվող Սիսիան համայնքը ամենայն հավանականությամբ ընտրելու է նույնքան անգլամազ նոր կառավարիչների հերթական թափառախումբը հայրենի իշխանություններին իր հավատարմությունը և անմնացորդ նվիրումը ի ցույց դնելու բնազդային մղումով: Ուզբեկստան կամ Թուրքմենստան հիշեցնող Սիսիանի շրջանում բանական մարդու համար ապրելը վերջնականապես անհնարին է դառնում, եթե չես կարողանում համակերպվել սեփական ես-ի մեջ թուրքմենի կամ ուզբեկի հոգեվիճակի հետ:

Կեցցե՛ ժողովրդավարական բաստիոն Հայաստանը, ուռա ընկերներ:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից