Հայաստանի և Կատարի վարչապետները ստորագրել են մի շարք փաստաթղթեր (տեսանյութ)

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։

Կառավարական տնից հայտնում են, որ նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: