Ըստ բրիտանացի տնտեսագետի՝ Թուրքիայի տնտեսական վիճակը նմանվելու է Լիբանանի տնտեսության սարսափելի ճգնաժամին

Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել: Այս մասին հայտնում է  Ermenihaber.am-ը։

Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային հիմնադրամի» հետ կնքած պայմանագրի շնորհիվ:

Թուրքիայում նույնպես այժմ հնարավոր չի լինում կանգնեցնել լիրայի արժեզրկումն ու գնաճի շատ բարձր տեմպերը:

Աշը, անդրադառնալով այս իրավիճակում Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարության՝ իրավիճակը մեղմելուն ուղղված միջոցառումներին, ասել է. «Ամեն հաջորդ օրը Թուրքիայի ֆինանսական պատկերն ավելի է նմանվում Լիբանանին: Սա միանշանակ ավարտվելու է Լիբանանի նման սարսափելի ճգնաժամով: Միակ հարցն այն է, թե դա երբ կլինի»: