Բուլղարիայի արտգործնախարարը հրաժարական է տվել

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Թեոդորա Գենչովսկան հրաժարական է տվել կառավարական կոալիցիայից դուրս գալու իր կուսակցության որոշումից հետո, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կա այդպիսի ժողովուրդ» (ETN) կուսակցության առաջնորդ Սլավի Տրիֆոնովը հայտարարել է կոալիցիայից կուսակցության դուրս գալու մասին։ Այս որոշման շրջանակներում էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը և փոխվարչապետ Գրոզդան Կարաջովն արդեն հրաժարական են տվել։

Սահմանադրության համաձայն՝ Գենչովսկան կկատարի արտաքին գործերի նախարարի պարտականությունները մինչեւ նոր նախարարի նշանակումը։

Վարչապետ Կիրիլ Պետկովն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի պահպանել փոքրամասնության կառավարությունը նույնիսկ կոալիցիայի փլուզումից հետո:

Բուլղարիայում 2021 թվականին երեք անգամ անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ դրանց արդյունքներով կառավարություն կազմելու անհնարինության պատճառով։ Միայն նոյեմբերին կայացած ընտրություններից հետո է քաղաքական գործիչներին հաջողվել կառավարական կոալիցիա կազմել։