Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել են տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրամիջոց է պահվում:

«Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվում է խուզարկություն, որին մասնակցում են նաև այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվում է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։