Եթե Հայաստանի իշխանության ղեկին լինեին հայրենասերներ՝ Լավրովի խոսքը կօգտագործեին ի նպաստ Արցախի

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Երևանում անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղի ճակատագրին, հայտարարեց, որ Փառուխի հարցը կլուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։

Ինչպես և սպասվում էր՝ չուշացավ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի պատասխանատու Լեյլա Աբդուլաևայի պատասխանը, նա գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի ստեղծած սահմանազատման հարցերով հանձնաժողովի գործունեության նպատակը երկու երկրների պետական սահմանի սահմանազատումն է, ինչպես նախատեսվում է, իսկ այդ գործընթացի շրջանակում չի նախատեսվում հայ-ադրբեջանական պետական սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության այն տարածքներին, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուս խաղաղապահ զորամիավորումը»:

Չնայած ադրբեջանական հակադարձումներին, Լավրովի հայտարարությունը հայկական կողմի համար կարևոր շեշտադրումներ է պարունակում։

Այսպես․ ՌԴ արտաքին գործերի ղեկավարի խոսքը կարող ենք համարել հստակ ուղերձ ուղղված Ադրբեջանին, առ այն, որ սահմանների և զորքերի տեղակայման խնդիրները մնում են չլուծված ու համարվում քննարկման առարկա։ Ասել է թե՝ ներկայումս ստեղծված իրավիճակը չի կարող լինել վերջնական։

Հիշենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ հստակ ամրագրված է՝ կողմերի զորքերը պետք է կանգնեն հենց այդ պահին տեղակայված վայրերում։ Մինդեռ մեկ ու կես տարի շարունակ Ադրբեջանն անվերջ խախտում է պայմանավորվածությունը։ Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան տարածքներ, որոնք ապօրինաբար զավթված են Ադրբեջանի կողմից։ Չմոռանանք, որ պատերազմից հետո ամիսներ անց, օգտվելով Հայաստանի իշխանության թուլությունից ու թողտվությունից, թշնամին առանց կրակոցի զավթել է մեր երկրի 42 հազար հեկտար տարածքը։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ գործընթացները պետք է տեղի ունենան 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տրամաբանության համաձայն։ Հետևությունն այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի տարածքների ապօրինի զավթումը պե՛տք է դառնան քննության առարկա, հայկական տարածքները պետք է վերադարձվեն իրական տերերին։ Այս գործընթացը գուցեև չլինի հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում, բայց չլինել չի՛ կարող։

Խոսելով Փառուխի մասին, Լավրովը պարզ ասում է, որ կա՛, գոյություն ունի Արցախը՝ որպես քաղաքական միավոր, որն ունի իր սահմանները։ Սա էլ ի հակադրություն Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հաճախ հնչող այն հայտարարությունների, թե չկա Ղարաբաղ, չկա ղարաբաղյան խնդիր, չկա անգամ այդպիսի տարածք, քանի որ իրենք այդ հարցը պատերազմով արդեն լուծել են։ Լավրովի խոսքը կարևորվում է նաև Բրյուսելից հնչած խիստ ադրբեջանահաճ հայտարարության ֆոնին։ Հիշենք, ԵԽ նախագահ Շարլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած՝ «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների» մասին տխրահռչակ թեզը․ նա խուսափեց օգտագործել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը ու դրանով ուղղակիորեն բավարարեց Ալիևի քմահաճույքը։ Մինչդեռ Սերգեյ Լավրովը, խոսելով Արցախի Փառուխ գյուղի մասին, փաստորեն, հակադրվեց բրյուսելյան ադրբեջանահաճ գծին, ասելով՝ կա՛ Արցախը։

Եթե Հայաստանի իշխանության ղեկին լինեին հայրենասեր հայ մարդիկ, ապա Լավրովի հայտարարությունը կօգտագործեին ի նպաստ Արցախի և Հայաստանի․․․

Նկատենք, որ Արցախյան հարցում այսօր ակնհայտորեն տարբեր են Ռուսաստանի ու Արևմուտքի մոտեցումները։ Մոսկվայի հիմնական մոտեցումը հետևյալն է․ առաջնային կերպով պետք է լուծվեն կոմունիկացիաների, սահմանազատման, հումանիտար խնդիրները, իսկ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը հարկավոր է թողնել ապագային, և միայն որոշ ժամանակ անց սկսել առանձին գործընթաց։ Սա նշանակում է, որ մինչև այդ ռուս խաղաղապահները կշարունակեն մնալ և իրենց առաքելությունն իրականացնել Արցախում։

Հակառակ կարծիքին է Բրյուսելը՝ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի հնարավորինս արագ։ Արևմուտքի գերնպատակը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է, իսկ եթե կա խաղաղության պայմանագիր, եթե համակամարտությունը կարգավորված է, ուրեմն ռուս խաղաղապահները որևէ անելիք չունեն Արցախում, և առհասարակ տարածշրջանում։ Սա այն է, ինչին ուզում է հասնել Արևմուտքը։

Գաղտնիք չէ, որ և՛ Արցախին, և՛ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերը՝ կոմունիկացիաներ, ճանապարհներ, սահմաններ, հայտնվել են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։ Տարածաշրջանում մեծ մրցապայքար է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Փորձելով մեկմեկու դուրս մղել Արցախից ու Հայաստանից, կողմերն այս կերպ ուզում են հասնել սեփական շահերից բխող լուծումների։

Որպեսզի Հայաստան ու Արցախը զոհ չդառնան աշխարհաքաղաքական այս կատաղի մրցապայքարին, Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին պետք է լինեն հայրենասեր, պետականամետ, հայ ժողովրդի շահերով առաջնորդվող, ազգային ու քրիստոնեական մտածողության տեր ղեկավարներ։ Մինչեռ թրքահաճ փաշինյանական ռեժիմն այսօր Հայաստանի ու Արցախի շահերն աճուրդի է հանել՝ դառնալով բացառապես օտարների շահերի սպասարկուն։

Ա․ Սիմոնյան