Դանիան և Նիդեռլանդները դեմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին

Նիդեռլանդներն ու Դանիան հրաժարվել են աջակցել Ուկրաինային Եվրամիության (ԵՄ) թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Հինգշաբթի՝ հունիսի 9-ին, հայտնում է «Բլումբերգ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Որոշ անդամ երկրներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, մինչ այժմ դեմ են արտահայտվել Կիևի դիմումին:  Դանիան հայտարարել է, որ Ուկրաինան չի բավարարում ինստիտուտների կայունության չափանիշները, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հարգանքը և փոքրամասնությունների պաշտպանությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Ամեն դեպքում, ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգը կարող է տարիներով ձգվել։ Վերջին անգամ բլոկը ընդլայնվել է 2013 թվականին, երբ Խորվաթիայի հայտը հաստատվեց։ Ընդ որում երկիրը 10 տարի սպասում էր այս որոշմանը։

Ավելի վաղ «Բլումբերգ»-ը  գրել էր, որ Եվրահանձնաժողովը կարող է պաշտոնապես առաջարկել հունիսի 17-ին Ուկրաինային տրամադրել Եվրամիությանը (ԵՄ) անդամության թեկնածուի կարգավիճակ։