Ես ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող այն բարձրաստիճան զինվորականներից

Եթե հիշում եք, 44-օրյա պատերազմի օրերին երկրի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը, հանդես գալով կոչով, համայնքապետերին հորդորում էր 30 հոգանոց ջոկատներ ստեղծել և «կամավոր» մեկնել ճակատ ու պաշտպանել Հայրենիքը… Զերոյից՝ մարտական գործողություններին զուգահեռ ստեղծված և շուրջ 30 տարի շարունակ կայացրած բանակը, որն իրավամբ, միջազգային տարբեր փորձագետների գնահատմամբ , համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը, փաստորեն այդ հայտարարությամբ «վերակազմավորվեց» ջոկատների և արդյունքում կրեց խայտառակ պարտություն…

Հիմա էլ ռազմական գործից բառացիորեն անտեղյակ, բայց երկրի պաշտպանության նախարարի աթոռն զբաղեցնող անձն է անցել «բանակի բարեփոխման» գործընթացին՝ այս անգամ արդեն թիրախ ընտրելով երկրի զինված ուժերի ուղեղը, այն է՝ Գլխավոր շտաբը…

Անկեղծորեն, սրանց քայլերից այլևս չեմ զարմանում, ես ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր այսօր ծառայելով Հայոց զինված ուժերում, իրենց լուռ համաձայնությամբ դառնում են հազարավոր նվիրյալների արյամբ ու քրտինքով ստեղծված բանակի կազմաքանդման մասնակիցն ու մեղավորը…

Այս ամենի համար պատմությունը ոչ միայն հիշելու և մեղադրելու է սրանց, այլ ավելի շատ հենց ձեզ՝ պարոնայք գործող սպաներ…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից