Ռուս խաղաղապահների առկայությունը սադրանքները կանխող, Արցախի անվտանգությունը ապահովող գործոն է․ Միրզոյան

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2020 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում։ Միրզոյանը շեշտել է․ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը` որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար»։

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերակատարումը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան կանխելու գործում։

Հիշեցնենք, hունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների՝ ՀՀ և ՌԴ  ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին  հաջորդել է մամուլի ասուլիսը։ Այսօր Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի անմահ կրակի մոտ։