Ոստիկանները փայլուն են գործում, խիստ ժողովրդավարական․ զարմանում եմ նրանց ամուր նյարդերի վրա․ Անահիտ Ավանեսյան

Բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են համապատասխան բուժօգնություն, նրանց մոտ 70%-ը առավոտյան արդեն դուրս է գրվել, ունեցել ենք ստացիոներ բժշկական օգնության կարիք ունեցողներ, որոնք ևս դուրս են գրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ոստիկանների և քաղաքացիների միջև օրեր առաջ եղած բախումների հետևանքով վնասվածքներ ստացածների առողջական վիճակին, ասաց Առողջապահոթյան նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կա մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, հիմա նրա առողջական վիճակը նորմալ է։ Ստացած վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել, նաև ոստիկանների դեպքում։ Գնահատելը, թե ինչի հետևանքով են եղել ստացված վնասվածքները, մեր հետազոտության շրջանակներում չէ»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում ոստիկանների գործողություներն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասաց․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։

Ավանեսյանը նշեց, որ իր համար անընդունելի է կառավարական շենքեր մտնելու ընդդիմադիրների մղումները։

«Ցանկացած անձ, ով իրականացնում է ոչ իրավաչափ գործողություն, պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ համաչափ զսպման միջոցներ կկիրառվեն»,-ասաց նախարարը։

Լրագրողների Ավանեսյանին հիշեցրին 2018-ին Ռադիոտուն ներխուժելու դեպքը, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Կադրերը, որ նայեք, համեմատեք, կտեսնեք, որ միմյանց հետ որևէ առնչություն չունեն, վստահ եմ՝ շատ լավ տեսել եք տարբերությունը»։

Հարցին՝ ունի՞ կաշկանդվածություն Արցախի կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Այո, ես պետական ծառայող եմ և ընդհանուր առմամբ կաշկանդավածություն ունեմ իմ գործունեության մեջ օրենքով գործելու»։