Էրդողանը վերահաստատեց, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն է իրականացնելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական գործողությանը: Գրում է «Էրմենիհաբերը»:

«Մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մեր որոշման իրագործման նոր փուլ ենք թևակոխում:  Թել Ռըֆաթն ու Մանբիչը մաքրելու ենք ահաբեկիչներից (նկատի ունի քրդական ուժերին՝ խմբ.), իսկ հետո փուլ առ փուլ նույնն անելու ենք այլ տարածքներում:  Տեսնենք, թե ով է աջակցելու, ով է խոչընդոտելու»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ  Էրդողանն այդ թեմայի վերաբերյալ ասել էր․

«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»: