Երբեք մի սպասեք, թե միջազգային հանրությունը մեզ համար որևէ բան կանի․ Հոխիկյան

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՀԱՊԿ-ին, Եվրոպական միությանը, դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստան-Ադրբեջան առաջնագծում ու թույլ չտալ, որ թշնամին մեզ վրա կրակի։

Հայաստանի իշխանությունը հույս ունի, թե 2020-ի նոյեմբերի 9-ից ու հետագա կամավոր հանձնումներից, ստորացումներից ու քաղաքական ստերից հետո գերտերությունները կամ մեծ երկրները մեզ (այսինքն’ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը) տիրություն կանեն։

Իրականում Հայաստանն այլևս ոչ ոքի պետք չէ, որևէ մեկի հարգանքն էլ չի վայելում, իսկ թույլին ու նվաստացածին ոչ ոք չի ցանկանում տեր կանգնել։ Լավագույն դեպքում ռուսները մի քանի տեղում իրենց զորամասերն են դնում, Իրանը խոսում է կարմիր գծեր հատելու անթույլատրելիության մասին, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանները հաճախ գնում ռն Սյունիք ու նոր տեսակի կորեկ տալիս։ Իսկ իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է կրակել առաջնագծում ու սպանել հայ զինվորին, հաճախ դիրքերի առաջխաղացում անել, Ադրբեջանի նախագահը շարունակում է ամեն առիթով ծաղրել Հայաստանը, հայ ազգին ու Հայաստանի իշխանությանը։

Ու երբեք մի սպասեք, թե միջազգային հանրությունը մեզ համար որևէ բան կանի։ Նրանց պետք էր Հայաստանից ստանալ մեր ռազմավարական տարածքները, ստանալ հանքային հարուստ աղբյուրները, կարևոր մայրուղիներ, ուրիշ էլ բան պետք չի։ Հայաստանն էլ պետք չի ոչ ոքի։

Երբ մենք վերջապես տեր կանգնենք մեր երկրին ու մեր ազգային արժանապատվությանը, այն ժամանակ էլ կփոխվի ամեն ինչ, նաև միջազգային հանրության վարքի մեջ։

 

Նաիրի Հոխիկյան