ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը կոչ է անում զորքերը հայելային կերպով հետ քաշել

Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքները ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

 

ՀՀ ԱԳՆ