Ղարաբաղում բնակվող հայերը պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն․ Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ դրական պետք է ընկալել Բրյուսելում կիրակի օրը տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումը։ Նա ադրբեջանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ յուրաքանչյուր նոր հանդիպման ընթացքում ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։ Ու եթե նախորդ հանդիպումը կարելի է համարել դրական առաջընթացի նշան, ապա այս հանդիպմանը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները ավելի կոնկրետ են։ Մամեդյարովի համար էական է այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպելու են սահմանի վրա, կապված սահմանային դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հետ։ Այսինքն՝ ըստ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարի, հանդիպումները ոչ թե երրորդ երկրներում են լինելու, այլ պետական սահմանին։

«Ես առաջին իսկ օրվանից եմ ասել, որ երկոր երկրների ներկայացուցիչների դեմ առ դեմ հանդիպումը կարեւոր է։ Ես հավատում եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա ամենամոտ ապագայում»։ Մամեդյարովը անդրադարձել է նաեւ երկու երկրների ԱԳ նախարարների առաջիկայում կայանալիք հանդիպմանը։ «Իհարկե դա էլ եմ գնահատում դրական։ Բնականաբար մեկ օրում չէ, որ բոլոր հարցերը կարելի է կարգավորել։ Հարկավոր է պարզել մանրամասները, որպեսզի գործընթացն ընթանա դրական հունով»։ Մամեդյարովը կարծում է, որ առաջին հերթին պետք է ժողովուրդներին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչներին խաղաղությանը նախապատրաստել։ Մամեդյարովը նաեւ ասել է, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն։ Խոսելով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, նա ասել է, որ «այդ ակցիաները իրականացնում են ռեւանշիստները»։

 

Աղբյուր՝ hraparak.am