Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ վեհափառն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների, վերջինիս վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ։ Նա նշել է, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության հարցում անհրաժեշտ և կարևոր են նաև միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը։

Իր հերթին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան կարևորել է ջանքերի ներդրումը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման: Նա իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի իշխանություններին արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Լիտվայի հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպման ընթացքում վեհափառը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև շարունակում են ամրապնդվել բարեկամական կապերն ու փոխգործակցությունը։