Պետք է պահպանել բռնազավթված տարածքների բառուբանը․ Արթուր Թովմասյան

Բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցը ևս կարևոր է ու օրակարգային: Այս մասին այսօր կայացած ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ խնդրով իրեն գրավոր և բանավոր դիմել են Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի բնակիչները, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայանքների աշխատակազմերի աշխատակիցները, այն հայրենակիցները, որոնց համայնքները 2020 թվականին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արթուր Թովմասյանը դիմեց Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հորդորելով ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 26-ի N 149 որոշումը, որը նա բնորոշեց որպես աղետալի։ «Իրականում աղետալի  բառը և նշաձողի իջեցմանն է վերաբերում, և կառավարության որոշմանը։ Մենք ջնջում ենք համայնքների պատմութունը։ Մենք բարոյական իրավունք չունենք փակելու մեր համայնքների պատմությունը»։

Արցախի ԱԺ նախագահը կարոտով խոսեց մասնավորապես Շամքորի Գետաշեն բնակավայրի բարբառից՝ վերհիշելով, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտի թիվ 5 դպրոցի տնօրենի հետ է զրուցել, որը Շամխորի շրջանից էր, և այդպես կարոտն առել է Գետաշենի բարբառից։ Նա լիահույս է, որ նորից կգան լավ ժամանակներ՝ հայկական տարածքները Ադրբեջանից հետ գրավելու և բռնազավթած տարածքների բնակչությանը հայրենիքում վերաբնակեցնելու։ Եվ այդ ապագային հավատալով՝ պետք է պահպանել բռնազավթված տարածքների բառուբանը՝ տեղի բռնահանված բնակչությանը իրենց բարբառները պահպանելու հնարավորություն տալով, այդպիսի հնարավորություններ ստեղծելով։

«Բարբառը մեր հարստությունն է, և պետք  է պահպանել բոլոր տարածաշրջանների բարբառները, իհարկե, անաղարտ մայրենի լեզվի հետ միասին։ Պետք է միջոցառումներ ձեռնարկվեն։ 1990-ական թվականներին մենք ստեղծել ենք Շահումյանի շրջանը, հետագայում Քաշաթաղի շրջան, որպեսզի այնտեղ միասին, մեկ վայրում բնակվեն բռնի տեղահանված մեր շահումյանցիները, և այդ բարբառը պահպանվի։ Նույնը պետք է անել հադրութցիների համար՝ բնակարաններ տրամադրել նրանց, համայնքներ ստեղծել նրանց համար, որտեղ բոլորը միասին ապրեն և նույն բարբառով շփվեն»։