Ուկրաինայում բիոնախագծերին մասնակցող ՀՀ կառույցների առկայությունը մանրազնին վերլուծության կարիք ունի. ՌԴ դեսպանություն

Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության մասին հաղորդագրությամբ է հանդես եկել։

«Այս տարվա մայիսի 16-ին Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն դարձրեց նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներին։ (http://kremlin.ru/events/president/news/68418)

Ուկրաինայում ԱՄՆ ռազմական-կենսաբանական ծրագրի մասին տեղեկատվությունը լայն արձագանք է առաջացրել։ Կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ դեսպանություն եկող ԶԼՄ-ների հարցերի առնչությամբ ցանկանում ենք նշել հետևյալը.

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ՝ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստել է 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը։

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում իրականացվում են մի շարք հաջողված նախագծեր, որոնց արդյունքում ապահովվել են սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիթորինգը, տեղեկատվության փոխանակումը, կարևոր գիտահետազոտական, տեխնիկական և մեթոդական աջակցությունը Հայաստանի լաբորատոր ցանցի բարելավմանն ու պրոֆիլային մասնագետների ուսուցումը։ ՄԻԱՎ-ի դեմ պայքարում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվեց ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Ռուսաստանի կողմից փոխանցված շարժական լաբորատորիաների օգտագործմամբ համատեղ աշխատանքը թույլ է տվել կանխել ժանտախտի և այլ վտանգավոր վարակների ելքը Հայաստանի տարածքում բնական օջախներից։

Միևնույն ժամանակ, կենսաբանական անվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում մենք դեռևս ունենք հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փոխգործակցության մասին ստացվող (ներառյալ ռազմական գերատեսչությունների միջոցով) տեղեկատվության վերաբերյալ։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թիրախավորում է իրկողմից ֆինանսավորվող Ռ. Լուգարի անվան կենտրոնը Վրաստանում՝ ակտիվացնելով մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ։ Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք, Պենտագոնի շահերից ելնելով, կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցող՝ Հայաստանի կառույցների առկայությունը։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ։