ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծման առնչությամբ Ռուսաստանի մտահոգությունը միանգամայն հիմնավոր է

Ուկրաինայում կենսալաբորատորիաների գործունեության ուսումնասիրման ՌԴ Պետդումայի հանձնաժողովը սկսել է Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ԱՄՆ-ից և Ուկրաինայից 5 տարվա ընթացքում ստացված հաշվետվությունների վերլուծությունը:

Բացի այդ, ինչպես երեկ տեղեկացրեց «РИА Новости»-ին, բացահայտվել են փաստեր, որ Վաշինգտոնը և Կիևը կենսաբանական զենքի մասին կեղծ տեղեկատվություն են տրամադրել Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի կատարումը վերահսկելու նպատակով ստեղծված միջազգային համաժողովի քարտուղարությանը: Այս մասին մայիսի 16-ին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ուկրաինայում կենսալաբորատորիաների գործունեության ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան:

«Մենք աջակցում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնություններին` քննարկելու այդ հարցերը (կենսալաբորատորիաների վերաբերյալ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում,- ըստ Պետդումայի մամուլի ծառայության, ասել է Յարովայան հանձնաժողովի նիստի ժամանակ:- ԱՄՆ իշխանությունները պարտավոր են շատ հարցերի պատասխաններ տալ»:

Պետդումայի փոխնախագահը հիշեցրել է, որ Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի կատարումը վերահսկելու համար 1980 թվականից ստեղծվել է կոնֆերանսների ձևաչափը, 2022 թվականին, ըստ ծրագրի, պետք է անցկացվի հաջորդ` 9- րդ համաժողովը։

«Մենք սկսել ենք կենսաբանական և թունավոր զենքերի արգելքի իրականացման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի վերջին 5 տարվա հաշվետվությունների վերլուծությունը, որոնք ներկայացվում են միջազգային համաժողովի քարտուղարությանը,- ասել է Յարովայան:- Հատուկ գործողության (Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության.- Ա.Հ.) շնորհիվ, մենք հնարավորություն ունենք գնահատելու դրանց հավաստիությունը… Բացահայտվել են թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ուկրաինայի կողմից ոչ ամբողջական կամ անարժանահավատ տեղեկատվություն տրամադրելու փաստեր։ Այնպես որ, տեղի է ունենում Ուկրաինայում ԱՄՆ պաշտպանության նախարարության աջակցությամբ կենսաբանական ծրագրերի մասին հաշվետվություններում տեղեկատվության ամբողջական քողարկում։ Ուկրաինայի բոլոր հաշվետվությունները հաղորդում են կենսաբանական պաշտպանության ոլորտում հետազոտությունների և մշակումների ազգային ծրագրերի բացակայության մասին»:

Բացի այդ, Յարովայայի խոսքով, մի շարք դեպքերում Ուկրաինան տեղեկատվություն չի տրամադրել վարակիչ հիվանդությունների բռնկման մասին, ինչը պարտադիր պահանջ է։

ՌԴ Պետդումայի փոխնախագահն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հաշվետվություններում լաբորատորիաների աշխատանքին զինվորական անձնակազմի մասնակցության, ինչպես նաև ռազմական գերատեսչությունների կողմից կենսանյութեր առաքելու, օբյեկտների և ծրագրերի ֆինանսավորման մասին նույնպես չի հաղորդվում, այսինքն` նշված տեղեկություններն էլ են թաքցվել:

Դրա հետ մեկտեղ, Յարովայայի խոսքով, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղեկություն կա, որ Պենտագոնն իր ռազմակենսաբանական ծրագրերն է իրականացնում Ուկրաինայի տարածքում։

«Այսպես, օրինակ, Պենտագոնի ծրագրի շրջանակներում 2019 թվականին Կիևում և Օդեսայում երկու լաբորատորիա է կառուցվել Սննդի անվտանգության և սպառողների պաշտպանության պետական ​​ծառայության համար,- հավելել է ՌԴ Պետդումայի փոխնախագահը:- Հարցի պատասխանը, թե ինչու են ԱՄՆ-ին անհրաժեշտ Ուկրաինայում գաղտնի ռազմական լաբորատորիաներ, որոնց մասին չի հաղորդվում կենսաբանական և թունավոր զենքերի արգելման հաշվետվություններում, անշուշտ կապված է ԱՄՆ-ում հետազոտությունների բնույթի հետ»:

Յարովայայի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության 9 խոշոր կենտրոններից 6-ը մասամբ ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։

Ինչպես հայտնել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունից, Իրինա Յարովայան առաջարկել է քննարկումից հետո հանձնարարել ՌԴ ԱԳՆ-ին՝ Ռոսպոտրեբնադզորի, Ռոսսելխոզնադզորի, արդյունաբերության և առևտրի նախարարության մասնագետների մասնակցությամբ կատարել խորը վերլուծություն և համեմատել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հաշվետվությունները հատուկ ռազմական գործողության արդյունքում ձեռք բերված նյութերի հետ:

Ուկրաինայում կենսալաբորատորիաների գործունեության ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից կենսաբանական զենքի մշակման արգելքը խախտելու փաստը: Այդ մասին երեկ, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է հիշյալ հանձնաժողովի մյուս համանախագահը` Կոնստանտին Կոսաչովը: Հանձնաժողովի 16.05.2022թ. նիստին մասնակցել է նաև ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք ստացել ենք կարևոր տեղեկատվություն` Միացյալ Նահանգների և Ուկրաինայի կողմից կենսաբանական զենքի մշակման արգելքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով իրենց պարտավորությունները չկատարելու առումով մեր մտահոգությունները հաստատող», – ասել է Կոսաչովը։

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը, կապված Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության փաստերի հետ, չի բացառում Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի շրջանակում խորհրդակցությունների մեխանիզմի գործարկումը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակմամբ, Ուկրաինայում կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծման մասին երեկ հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հիմա Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ընթացքում փաստագրական ապացույցներ են ձեռք բերվել, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ, ըստ էության, ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ,- ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել է Պուտինը:- Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի խախտմամբ մշակվել են հետխորհրդային տարածքում համաճարակաբանական իրավիճակի ապակայունացման հնարավոր մեթոդներն ու մեխանիզմները»։

 

Արթուր Հովհաննիսյան