Կարող ենք ենթադրել, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում Պուտինի հայտարարությունից հետո Նիկոլն ու նրա իշխանությունը հայտնվել են երկու քարի արանքում

Ուկրաինայում, Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո, ստեղծեցին կենսաբանական զենքի բաղադրիչներ, մշակեցին ԱՊՀ-ում համաճարակաբանական իրավիճակի ապակայունացման մեխանիզմներ: «РИА Новости»-ի տեղեկացմամբ, այս մասին այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հիմա Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ընթացքում փաստագրական ապացույցներ են ձեռք բերվել, որ մեր սահմանների անմիջական հարևանությամբ, ըստ էության, ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ,- ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել է Պուտինը:- Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի խախտմամբ մշակվել են հետխորհրդային տարածքում համաճարակաբանական իրավիճակի ապակայունացման հնարավոր մեթոդներն ու մեխանիզմները»։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան այս կապակցությամբ ապավինում է գործընկերների աջակցությանը ՀԱՊԿ-ի շրջանակներում պրոֆիլային խորհրդի աշխատանքը մեկնարկելու ռուսական նախաձեռնության շուտափույթ իրականացման համար։

Կարող ենք ենթադրել, որ Նիկոլն ու նրա իշխանությունն արդեն հայտնվել են բավական նեղ վիճակում, ինչպես ասում են, երկու քարի արանքում, քանի որ չնայած ԱՄՆ-ի պահանջին ու ճնշմանը, ստիպված են լինելու Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ, ԱՄՆ ռազմական գերատեսչության մասնագետների ուղղորդմամբ ու վերահսկողությամբ գործող բազմաթիվ կենսալաբորատորիաների դռները ռուսաստանյան մասնագետների առջև բացել ոչ թե Հայաստանի, իսկ իրականում ԱՄՆ-ի պայմաններով ձևական, այլ ՌԴ մասնագետների կողմից առաջադրվելիք պայմաններով իրական վերահսկողության համար:

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram-ի իր ալիքով անցյալ շաբաթ հայտարարել էր Ուկրաինայում ԱՄՆ հիմնած, արդիականացրած, ֆինանսավորած կենսալաբորատորիաների ռազմակենսաբանական ծրագրերի վերաբերյալ ՄԱԿ-ում նոր ապացույցներ տրամադրելու Ռուսաստանի մտադրության մասին:

«Մենք պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներում ռազմակենսաբանական ծրագրերի մասին նոր ապացույցներ ներկայացնելու համար: Հանդիպումը նախատեսված է մայիսի 13-ին, ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին)»,- գրել էր Պոլյանսկին:

ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ, Ուկրաինայում գործել է 30 կենսալաբորատորիաների ցանց, լաբորատորիաներն աշխատել են Պենտագոնի պատվերով։

Վերոնշյալ կենսալաբորատորիաներում ռազմական կենսաբանները, ի թիվս մի շարք վարակիչ ու մահացու հիվանդությունների ախտածինների, ուսումնասիրել են Ղրիմի Կոնգո- ղրիմյան հեմոռագիկ տենդի և լեպտոսպիրոզի հարուցիչները, ինչպես նաև հանտավիրուսները, քանի որ դրանց պաթոգենները բնական օջախներ ունեն ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանում և, ինչպես ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն է ասել, «դրանց օգտագործումը կարող է քողարկվել որպես հիվանդությունների բնական բռնկումներ»:‰

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի տեղեկացմամբ, 2005 թվականից Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի համար ԱՄՆ ֆինանսավորումը գերազանցել է 224 մլն դոլարը։

Ուկրաինայում հիշյալ կենսալաբորատորիաների թեմայով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մայիսի 13-ի նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ТАСС-ի տեղեկացմամբ, հայտարարել է Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի արձանագրության ամրապնդումից Միացյալ Նահանգների միտումնավոր հրաժարվելու մասին։ Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը բազմիցս հրաժարվել է պարզաբանել Ուկրաինայում և ամբողջ աշխարհում կենսաբանական ոլորտում իր գործունեության բնույթն ու իրական նպատակները։

«Կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին 9-րդ դիտորդական կոնֆերանսի նախապատրաստական ​​կոմիտեի Ժնևում ապրիլի սկզբին կայացած նիստում ամերիկյան կողմը դարձալ ոչ մի պարզորոշ պատասխան չտվեց,  բացառությամբ այն կեղծ պատճառաբանության, թե Միացյալ Նահանգների կենսաբանական գործունեությունը, ըստ սահմանման, կրում է խաղաղ և միջազգային հանրության համար «օգտակար» բնույթ»,- «Lenta.Ru»-ի տեղեկացմամբ, ասել է Նեբենզյան։

Մշտական ​​ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ պատվիրակությունը հրաժարվել է վերսկսել վերոնշյալ կոնվենցիայի արձանագրության հետ կապված աշխատանքը, որն արգելափակված է 2001 թվականից, ինչպես նաև մերժել է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ լրացնել կենսաբանական և թունավոր զենքերի արգելման վստահության ամրապնդման միջոցառումները երկրի սահմաններից դուրս ռազմակենսաբանական գործունեության մասին հաշվետվության ձևով։

 

Արթուր Հովհաննիսյան