Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է․ «5165» շարժում

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «5165» շարժումը.

«Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։ Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար։
Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը ոչ միայն հանրային խոսքով, այլև տարիներ շարունակ երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրերով է դրսևորվում»։