Կարծում եք՝ Երևանը կորցնել հնարավոր չէ՞, իզուր․ Ալվինա Աղաբաբյան

Այսօր Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունը Բրյուսելում համաձայնել է ստորագրել “խաղաղության” մի պայմանագիր, ըստ որի Ադրբեջանին է հանձնելու այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղեր և Քյարքին» (Տավուշի մարզի որոշ հատվածներ և Արարատի մարզի Տիգրանակերտ գյուղը) ։

Թե ինչ տարածքների մասին է խոսքը և ինչ հետևանքներ կարող է ունենալ դրանց հանձնումը թշնամուն, ներկայացրել եմ դեռ մեկ տարի առաջ։

Կրկնեմ ևս մեկ անգամ՝

ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԱՆՏԻՄԵՏՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԹՇՆԱՄՈՒՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է։

ՀՀ ՍԱՀՄԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՏՎԱԾԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏՔԱՅԼ ԷԼ ԱՎԵԼԻ Է ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԳՐԳՌՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԽՈՐԺԱԿԸ՝ ԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ։

Իսկ որ թուրքը կանգ չի առնելու, դա պարզից էլ պարզ է։

Տիգրանաշենի պարագայում գյուղի հանձնումը Ադրբեջանին կործանարար է լինելու Հայաստանի համար, քանի որ թշնամուն հանձնել Տիգրանաշենը նշանակում է

ուղղակիորեն և անուղղակի կերպով սկսել Սյունիքի հանձնումը,

ուղիղ հարվածի տակ դնել ճանապարհային կարևորագույն հանգույց Երասխը, որի կորուստն իր հերթին Ադրբեջանի առաջ ճանապարհ է բացելու դեպի Արարատյան դաշտավայր և Երևան:

Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու պարագայում Երասխն ու մոտակա բնակավայրերը (Արմաշ, Սուրենավան, Պարույր Սևակ) պահել կարողանալու համար արդեն այս պահին առնվազն պիտի կահավորված և պահպանություն/պաշտպանություն իրականացնելու համար պատրաստ առաջնագիծ ունենայինք Ուրծի լեռնաշղթայի հարավահայաց լանջերին ու դրանցից էլ առաջ, ինչն առ այսօր իհարկե չկա։

Ասել է թե՝ Ադրբեջանը հեշտությամբ կարող է մտնել Արարատի մարզ և ռազմակալել Երասխը։

Երասխի ռազմակալումը հնարավորություն է տալու ադրբեջանական զինուժին ծավալվել դեպի

հյուսիս և հյուսիս-արևելք՝ դեպի Ուրծի լեռնաշղթան՝ ուղիղ կախվելով Լանջառ, Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր, Դաշտաքար, Գոռավան գյուղերի և Վեդի քաղաքի վրա (ինչն իր հերթին ժամանակի ընթացքում բերելու է նշյալ բնակավայրերի գրավմանը կամ առնվազն հայաթափմանը) և վերահսկողության տակ առնելով Տիգրանաշենի ու Երասխի կորստից հետո Երևանը Վայոց Ձորին ու Սյունիքին կապող այլընտրանքային H10՝ Ոսկետափ – Վեդի – Ուրցաձոր – Լանջառ – Զանգակատուն ճանապարհը,

հյուսիս-արևմուտք՝ Մ2 միջպետական ճանապարհի Երասխ-Երևան հատվածով այնքան, որքան կկարողանա ռազմակալել՝ զուգահեռաբար մեծացնելով ավագ եղբոր՝ Թուրքայի հետ իր նորակերտյալ սահմանի երկարությունը։

Երասխ-Երևան ճանապարհին Երասխից հետո առաջին թիրախն Արմաշ գյուղն է, որը Երասխից հեռու է ընդամենը 2-2,5 կմ, այնուհետև Սուրենավանը՝ մոտ 7 կմ։ Հաջորդն արդեն Արարատ գյուղն ու Արարատ քաղաքն են լինելու։

Կարծում եք՝ անհնա՞ր է կորցնել Արարատները։

Անհնարը Մեխակավան-Ջաբրայիլը, Հադրութն ու Շուշին կորցնել էր։ Իսկ Արարատներն իրենց աշխարհագրական դիրքով և պաշտպանական կառույցների ու հնարավորությունների առկայությամբ անհամեմատ շատ ավելի անպաշտպան են։

Հասկանում ե՞ք, չէ՞, որ դրանից հարբած՝ ադրբեջանցիք էլ ավելի մեծ տենչանքով են ուզենալու առաջ գնալ մինչև “իրենց Իրևանը”։

Կարծում եք՝ Երևանը կորցնել հնարավոր չէ՞, իզուր․․․

 

Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար