Կաթվածահար է Գայի պողոտա տանող ճանապարհը․ ակցիայի մասնակիցները նստել են ասֆալտին

Քաղաքացիները փակել են Նոր Նորքից իջնող ճանապարհը, մասնավորապես, Բուսաբանական այգու մոտ գտնվող կամուրջը: Անհնազանդության ակցիայի մասնակիցները նստել են ասֆալտին և վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «միացեք», «պայքար»:

Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց և վիճաբանություն ծագեց ոստիկանության աշխատակիցներից մեկի և անհնազանդության ակցիա իրականացնողների միջև: «Եթևեկելի մասից դուրս եկեք, բոլորդ պատասխանատվության եք ենթարկվելու: Ձեր գործողություններն անօրինական են»,-ասաց ոստիկանը: Այստեղ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիևյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները: