Որոշ եկեղեցականներ ժամանակին վախենում էին քիթները սև քողերի տակից հանել․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադարձել է ընդդիմության կողմից կազմակերպած բողոքի ցույցերին և անհնազանդության ակցիաներին։

«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են է՛լ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- ասել է նա։

Արձագանքելով Վիգեն Խաչատրյանի ելույթին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը ևս իր մեղքը ունի այդ հարցում։

«Մենք ենք մեղավոր՝ չակերտավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, այդ ընկերությունները մեզ հետ չեն, այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելուց»,- ասաց նա։

Ապա անդրադառնալով 2018-ի իրադարձությունների ժամանակ շոու բիզների ներկայացուցիչների, հոգևոր դասի ներկայացուցիչների արձագանքերին՝ ասաց․

«Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի այն հայտնի աստղերը, որոնք վախում էին ծպտուն հանել, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրենց այդ սև քողերի տակից հանել, լռում էին։ Մենք ենք չակերտավոր մեղավոր։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։