Հետաքրքիր է, որտեղ մենք մի բանի կենացը խմում ենք, իրականության մեջ հակառակ պրոցեսն է տեղի ունենում. Փաշինյան

«Մենք բոլորս բազմիցս հոտընկայս խմել ենք մեր ուսուցիչների կենացը, բայց իրականության մեջ մեր դպրոցներում ուսուցիչների թիվը պակասել է, ուսուցչի մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը պակասել է»,-այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույնը, իմիջիայլոց, տեղի է ունեցել բանակում: Հետաքրքիր է, որտեղ մենք մի բանի կենացը խմում ենք, իրականության մեջ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Առաջիկայում մենք զինվորական կրթության ոլորտում էլ շատ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում: Վստահ եմ, առաջիկա նիստերից մեկում խոսակցություն կունենանք նաև այս թեմայով»,-ասաց նա:

Կառավարությունը որոշեց՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը դարձնել 200 հազար, եթե դրան ավելանան կամավոր ատեստավորման հավելավճարները և տարակարգերից եկող վճարը, աշխատավարձը կարող է հասնել մինչև 400 հազար դրամի:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ատեստավորված ուսուցիչը կստանա նվազագույնը 260 հազար դրամ, քանի որ եթե նույնիսկ նա 30 տոկոս հավելավճար ստանա, ապա այն կկազմի 260 հազար դրամ:

Որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից, և առաջին բարձր աշխատավարձը կստանան հունիսին: